«Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները գույքագրելը՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին», – այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։
Ըստ ծրագրի՝ կառավարությունը նաև հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման գործընթացը սահուն կազմակերպելու հարցում։
«Նախորդ ժամանակաշրջանում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով մշակվելու և կյանքի են կոչվելու ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, կվերանայվեն նաև գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին», – ասվում է ծրագրում։
Վերահաստատելով հաշմանդամների իրավունքների պաշտպանության հետևողական ջանքերը՝ Կառավարությունը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ բացառելու համար հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում։