Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա նշել է, որ սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին, վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած մեր այն տղաները, որոնք ամենից շատն ունեն մատչելի տեղաշարժի կարիքը:
Նրա խոսքով՝ մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է, մատակարարի հետ պայմանագիրը ստորագրվել է։ Ըստ պայմանագրի, վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն։
«Ուզում եմ հայտնել նաև, որ վերելակների փոխարինումը պատերազմում վիրավորում ստացած մեր քաղաքացիներին աջակցելու ծրագրերից միայն մեկն է: Ընթացքի մեջ են նաև շենքերի աստիճանահարթակների, մայթերի հարմարեցումը և մատչելիության ապահովումը, ինչպես նաև՝ սոցիալական այլ ծրագրեր», – ավարտել է գրառումը Մարությանը: