Սպորտ

Մարզաշխարհի երեք ներկայացուցիչ արժանացել է ԿԳՄՍՆ պարգևների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար մարզաշխարհի 3 ներկայացուցիչներ արժանացել են պարգևների: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Այսպես՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից Աղասի Հովհաննիսյանը և Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռազմիկ Ղազարյանը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով, իսկ մարզական լրագրող Արամ Ուգուջյանին շնորհվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչումը:

Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է մարզաշխարհի երախտավորներին և հանձնել պարգևները:

«Դուք իսկապես ձեր գործի նվիրյալն եք: Նախարարությունը գնահատում է ձեր կատարած հսկայական աշխատանքը՝ ի շահ հայկական սպորտի զարգացման, և շնորհակալ է մարզական հանրությանը մատուցած ծառայությունների համար: Ձեզ արգասաբեր և երկարատև աշխատանք եմ մաղթում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Պարգևատրվողները շնորհակալություն են հայտնել ուշադրության համար և վստահեցրել՝ շարունակելու են իրենց մարզական առաքելությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ