Օգոստոսի 11-ին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը, ով մտահոգություն է հայտնել խորհրդարանական դիսկուրսի ու Խորհրդարանում եղած մթնոլորտի վերաբերյալ, այն դեպքում, երբ թշնամին արդեն իսկ հարձակվել է Հայաստանի վրա։
Այվազյանը վերլուծել է ստեղծված իրավիճակը ու նաև որպես քաղաքացի, որպես ընտրող, ներկայացրել է պահանջ։
- Հայաստանում զարգացում կա, սակայն մեզ խժռող գիտակցական ու նյութական չարիքը չի թոթափվել․ Նարեկ Այվազյան
- Այդպես էլ ոչ մի գերատեսչություն չասաց, թե Շոյգուն ինչու է Հայաստանում․ Այվազյան
«Ինձ այս հարցն է ամենաշատը հետաքրքրում. եթե թշնամին հարձակվի Հայաստանի վրա, ի՞նչ է անելու այս խորհրդարանը ժողովրդի համար: Այս խորհրդարանական դիսկուրսն է ունենալու՞, թեկուզ կուլիսներում, թե՞ աշխատանք է անելու հանուն պետականության ու ազգային նպատակների: Մինչև պատասխանելը ասեմ՝ թշնամին հարձակվել է:
Ազգային ժողովի մթնոլորտը գրեթե չի տարբերվում հետպատերազմյան երկրում առաջացած մթնոլորտից, որի հիմնական շեփորահարները այնտեղ ներկայացված նախկին ռեժիմականներն են: Ոչ իշխանական երկու ուժերը, ինչքան էլ միմյանցից տարբեր են կամ նոր դեմքերով են ներկայացվել, սակայն բոլորս ենք գիտենք, որ իրենք այն նախկին համակարգն են կրում, ներկայացնում, որն ապակու պես փշուր-փշուր եղավ, երբ ժողովուրդը համախմբվեց և վտարեց իշխանությունից, քանզի նրանց սիստեմում քաղաքական գաղափարական առումով ոչինչ չկար: Պաթոս էր, կրիմինալ ու կոռուպցիա: Հիմա նրանք պաշտպանում են այդ շահերը, պաշտպանվում են:
Այս ԱԺ-ի ձևավորմանը որպես քաղաքացի մասնակցել եմ ընտրությամբ, և բարձր պահանջներ ունեմ բոլորից, նաև նրանցից ում չեմ վստահել ավելի շատ, բայց նաև ում ամագով ձևավորվել է այսօրվա իշխանությունը: Ինձ երեք ուժերի ներքին հարաբերությունները, կախվածություններն ու ազատությունները քիչ են հետաքրքրում, մեկը մյուսին կծելը, նախատելը և քարկոծելը հավասար է զրոյի, երբ սահմանում կա սրացումներ, երբ թշնամին բարեկամներ է ձեռք բերում, երբ թշնամին զինվում է և ամրություններ է սարքում շփման գծում, իսկ մենք համարժեք պատրաստություն չենք տեսնում:
Այս մտքին հանգույն է, որ մեզ՝ ժողովրդիս, տեսանելի է դառնում, թե ով է հայրենիքի, պետության մասին մտածում, իսկ ով փուշ փնտրում դիմացինի մատին՝ անտեսելով իր աչքի միջի գերանը, և այնպես աղաղակում, որ ոչ ոք չհիշի փուշը, գերանն ու մեր ազգային խնդիրները: Իմ պահանջներից առաջինը երկրի անվտանգության ապահովմանը միտված քաղաքականություն իրականացնելն է, որի հիմքերն, ըստ տենդենցի, այս մթնոլորտում չի դրվի:
Եվ ես, ում ակամայից վստահել եմ քվես, պահանջում եմ, որ ոտքերը սրբեն այդ մթնոլորտի, այդ մթնոլորտը ստեղծողների վրա, և արագ անցնեն աշխատանքներին: Չի կարելի տրվել այն ճահճին, որը կլանում ու սևացնում է, բայց դե, իհարկե, չի էլ կարելի թողնել, որպեսզի սևացնեն ու տպավորություն ստեղծեն, թե իրենց արածը կուլ են տալիս՝ փորձելով բարոյազրկել ժողովրդի վստահությունն իր ընտրության հանդեպ: Այսինքն, նկատի ունեմ, որ իրենց առաջ դրած խնդիրը ոչ թե մի խումբ մարդկանց սևացնելն է, այլ ժողովրդի քվեն նսեմացնելն է, որպեսզի ընտրությունները հասարակությունը չդիտարկի իշխանափոխության միակ ձև, այլ հետ գնա հին ռեժիմին», – գրում է Այվազյանը: