fbpx
Գիտություն

Խորը ցավով տեղեկացա մարդ-լեգենդի մահվան մասին․ ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Հեռագրում, մասնավորապես,ասվում է․

«Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։

Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը:

Ալեքսեյ Լեոնովի անունը հավերժ կմնա մարդկանց հիշողության մեջ, ինչպես պատմության մեջ մնաց Յուրի Գագարինը, ինչպես հիշում են մայրցամաքներ հայտնաբերած ճանապարհորդներին և մեծ գիտնականներին, որոնք դարակազմիկ գիտական բացահայտումներ են իրականացրել: Նմանօրինակ մարդկանց կենդանության օրոք կանգնեցնում են հուշարձաններ, նվիրում են փոստային նամականիշներ, նրանց անունը միլիոնների շուրթերին է, նրանք շրջապատված են փառքով և համընդհանուր հարգանքով: Հենց նման մեծություններից էր տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, գեներալ Ալեքսեյ Լեոնովը, որը մշտապես մնաց իբրև համեստ, անկեղծ և շփվող մարդ:

Մենք աստղագետ Գարիկ Իսրայելյանի հետ պատրաստվում էինք այցելել Ալեքսեյ Լեոնովին, սակայն չհասցրեցինք…

Ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցություններն այս մեծ կորստի կապակցությամբ»:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հավելենք, որ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած մարդն է համարվում։ Նա մահացավ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Մոսկվայում։ Լեոնովն 86 տարեկան էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ