fbpx
Արցախ

Քոչարյանը քաղաքական հակադրություն է ստեղծում Հայաստանի ու Արցախի միջև․ Սարո Սարոյան

Սարո Սարոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից։

«Քոչարյանն ասում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից։ Նույն համատեքստում միայն դա չէ ասում, նաև վկայակոչում է ՀՀ վարչապետին և խոսում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մասին։ Վերջում վարչապետի ու նրա վարչախմբի դիրքորոշման մասին Քոչարյանը տալիս է գնահատական՝ «Կամ չեն հասկանում ինչ են անում, կամ անում են ծրագրավորված»։

Հիմա ստիպված եմ ես նույնն ասել Քոչարյանի մասին։ ՀՀ վարչապետի կողմից վարվող քաղաքականությունը հանգեցնել նրան ու խոսել այն բանի մասին, թե Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից, նման բան ասելու համար պետք է կամ չհասկանալ քաղաքականությունից, կամ նման բան ասել ծրագրավորված։ Քաղաքական գործչի առաջնային գործը քաղաքական տեքստերն ընկալելն ու արտադրելն է։ Ուստի քոչարյանասեր (քոչարյանամոլ, ձևական իրավական կատեգորիաներով առաջնորդվող և այլն) շերտին կխնդրեմ այս գրառման տակ դեմագոգիայով չզբաղվել։ Վարչապետի ադրբեջանասիրությանը նույնքան հավասարազոր երևույթ է այն բանին, ինչ գիտակցված կամ չգիտակցված անում է Քոչարյանը։ Նա ուղղակիորեն քաղաքական հակադրություն է ստեղծում Հայաստանի ու նրա մի մասի՝ Արցախի միջև։ Եթե ՀՀ-ի ղեկին այսօր կանգնած են ինչ-որ դեգեներատներ, դա չի նշանակում, որ քաղաքական նման գործիչը իրեն թույլ պետք է տա արտաբերել տեքստեր, որոնք դեմ են պետական շահերին։

Քոչարյանը սրբակրոն իրավաբան չէ, որ մի կողմ թողնի իր խոսքի քաղաքական բեռնվածությունը ու նման կերպ տարանջատում մտցնի Հայաստանի ու նրա մասի՝ Արցախի միջև։ Ոչինչ չէր խանգարում Քոչարյանին ասել, որ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է Ղարաբաղից։ Դրա փոխարեն նա խաղում է լայն հանրության ենթագիտակցության վրա՝ ասելով թե Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից։ Այն տպավորությունն է, որ Քոչարյանը, չնայած տասնամյա կառավարմանը, իսկապես մնացել է ալբանացու կերպարում՝ տուրք տալով արտաքին այն հովերին (ծրագրերին), որոնք իրենից պահանջում են մշտապես սեպ խրել Արցախի ու Մայր Հայաստանի միջև։

Իր նման ասեմ՝ կամ չի հասկանում ինչ է անում, կամ անում է ծրագրավորված։ Կհարցնեք նպատակը՞։ Ինչպես նախորդ գրառմանս մեջ եմ նշել, նման դեպքերում պետք է նայել հետևանքներին։ Իսկ հետևանքներից ամենագլխավորը (ծրագրավորողների հիմնական նպատակը) Մայր Հայաստանի ու Արցախի միջեևսեպ խրել-խորացնելն է՝ արցախահայության պատկերացումներում ռուսական մեսիան քաղաքական ռելսերի վրա կրկին դնելու համար», – գրել է Սարոյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ