Մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակ է բացել ՌԴ Ազգային անվտանգության ծառայության շենքի և մուտքի ուղղությամբ:
Կրակոցների հետևանքով կա մեկ զոհ և տուժածներ: Դեպքից րոպեներ անց իրավապահերին հաջողվել է ճշտել կրակահերթի հեղինակի ինքնությունը և վնասազերծել նրան:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մահացածը ԱԱԾ աշխատակից է: Այս տեղեկությունը հաստատել է կառույցի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԱԱԾ ևս 2 աշխատակից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են: Երկրի առողջապահության նախարարության աշխատակիցը հայտնել է, որ երկուսն էլ ծանր հրազենային վիրավորումներ են ստացել:
Մի քանի հոգի տուժել է նաև Կուզնեցկի կամրջին: Այս պահին Մեծ Լյուբյանկի շրջանում երթևեկությունը կասեցվել է ամբողջ փողոցի և խաչմերուկների երկայնքով: Բացի այդ, հնարավոր չէ անցնել նաև Բուլվարային շրջադարձից մինչև Մյասնիցկի փողոց, մետրոյի Լյուբյանկա կայարանի մուտքի և ելքի երթևեկությունը ևս սահմանափակվել է:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի ղեկավարին օպերատիվ կարգով զեկուցվում է Մոսկվայի կենտրոնում տիրող իրավիճակի մասին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ վտանգավոր գործողություններ կատարելու և սպանության հատկանիշներով:
Ռուսական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում լսվում են կրակոցները, երևում են մարդկանց խուճապն ու իրավապահների գործողությունները:
Աղբյուրը՝ Armtimes.com
