ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց ստեղծված իրավիճակից առավել շատ տուժել են մշակույթի և սպորտի ոլորտները: Ա. Հարությունյանի գնահատմամբ՝ գերմանական կողմի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանում վերջին շրջանի լարվածության պայմաններում թիրախավորվել են քաղաքացիական հաստատությունները:
«Անթույլատրելի է, որ Ադրբեջանը հրետակոծել է անգամ կրթական կառույցները՝ դպրոցներն ու մանկապարտեզները»,-ընդգծել է նախարարը՝ հույս հայտնելով, որ գործընկերները նույնպես համարժեք կարձագանքեն կատարվածին:
Դեսպան Բանցհաֆի խոսքով՝ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տվել են համապատասխան գնահատական՝ արձանագրելով, որ միայն բանակցային խաղաղ ճանապարհով է հնարավոր հասնել կարգավորման: Անդրադառնալով համատեղ կրթական ծրագրերին՝ կողմերը համակարծիք են եղել, որ առաջիկայում նախատեսվող Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնի Երևանյան գրասենյակի տեղափոխումը Թբիլիսի բացասաբար կանդրադառնա այդ կազմակերպության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի արդյունավետության վրա:
https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2947438862150055
