fbpx
Իրավական

Այս օրը լավ հնարավորություն է, որ ՀՀ քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության արժեքը․ ՍԴ նախագահ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ սահմանադրության օրվա առթիվ, որը հապարակվել է ՍԴ-ի Facebook-ի պաշտոնական էջում։

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ։

Սահմանադրությունն ինքնին որոշակի հասարակական դաշինքի դրսևորում է, որը խարսխված է տվյալ հասարակության անդամների փոխհամաձայնության վրա: Ժողովրդավարական պետությունում Սահմանադրությունն արժեքների, սկզբունքների, հակակշիռների ու փոխզսպումների համակարգ նախատեսող ակտ է, հանրային կյանքի կազմակերպման և տնտեսական բարգավաճման ուղեցույց: Մեր Սահմանադրությունն արտացոլում է այն ժողովրդավարական ու համամարդկային արժեքները, որոնց առաջնային երաշխավորողը մենք ենք՝ որպես անհատներ, և այն նվիրական նպատակները, որոնց ձգտում է մեր հասարակությունը: Սահմանադրությունը երաշխավորում է այն բոլոր ազատությունները և իրավունքները, որոնցից առօրյա կյանքում՝ անձնական և հանրային գործունեության տարբեր բնագավառներում օգտվում է մեզնից յուրաքանչյուրը։

Մայր օրենքի նախաբանն ամրագրել է հայ ժողովրդի նվիրական ձգտումը՝ հզորացնել ինքնիշխան պետականությունը, ապահովել սերունդների ազատությունը և քաղաքացիական համերաշխությունը։

Կարծում եմ, որ Անկախության հռչակագրում ու Սահմանադրության նախաբանում հաստատագրված սկզբունքներն ու համազգային նպատակները պետք է լինեն այն բարոյական և իրավաքաղաքական կարևոր ուղենիշը, որն այսօր առավել քան երբևէ պետք է ծառայի որպես մեր հասարակական կյանքի ու քաղաքացիական համերաշխության ապահովման առանցքային ելակետ։ Ուստի յուրաքանչյուրիս առաքելությունը պետք է լինի ոչ միայն Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և համազգային նպատակների ճանաչումը, այլև դրանք մեր ամենօրյա կյանքի ու կենսակերպի բաղկացուցիչ տարր դարձնելը:

Այս օրը լավ հնարավորություն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության, ինքնիշխան պետականության և ազգային միասնականության բարձր արժեքը։ Հենց այդ վերաիմաստավորումը պետք է լինի մեր Հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, սերունդների ազատությանը և ընդհանուր բարեկեցությանը հասցնող ուղին։

Աստված պահապան մեր Հայրենիքին և բոլորիս»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ