fbpx
Հասարակություն

19-ամյա Լևոնը պատերազմի միջով անցնելուց հետո որոշեց գիրք գրել

Լևոնը Սահակյանը 19 տարեկան է: Ծնվել է Արարատ մարզի Քաղցրաշեն գյուղում։ Կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել է ՀՖԿՍՊԻ-ի (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական իստիտուտ) «Մարզական լրագրություն» բաժինը։

2020թ հուլիսի 16-ին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ Երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը երկու ամսվա ժամկետային զինծառայող էր:

44 օրյա պատերազմին մասնակցել է 40 օր, եղել ամենաթեժ վայրերում՝ մասնակցելով Հադրութի, Վարանդայի, Մարտունիի և Շուշիի ինքնապաշպանական մարտերին: Նոյեմբերի 5-ին ստացել է ծանր բեկորային վիրավորոմ պարանոցի ողերի, թոքի և ձեռքի շրջանում։

Լևոնը պատմում է, որ երբ հակառակորդի կողմից մի քանի արկ էր գալիս իրենց ուղղությամբ ու ոչ մի արկ չէր պայթում, սկսում էին այդ լարված իրավիճակում ծիծաղել։ Հադրութի վերջին հրաշալի առավոտներից մեկն էր. այդ օրվանից մինչ օրս իր համար առավոտները հրաշալի չեն լինում։ Օրը պետք է նոր սկսվեր ու նորից անցներ, ինչպես անցել էր իր ծառայության երկու ամիսը, բայց օրը սկսվեց ու կարծես չէր ուզում վերջանար։ Ամեն ինչ սկսվեց երկու ռումբի պայթունից։ Ու արդեն հրամանատարի գոռոցը՝ պատերազմը սկսելու մասին. «Վազելով դեպի նկուղ՝ լսում էի տարբեր ձայներ, բոլորը միաձայն աղոթում էին, լսում էի աղոթքի տարբեր բառեր, տարբեր ձայներով ու ինքս էլ աղոթում ու խնդրում էի, որ ամեն բան շուտ ավարտվի»,- ասում է Լևոն Սահակյանը։

Լևոնի խոսքով՝ դժվար էր, բայց միանգամայն պարտավորեցնող: Իրենց գումարտակը բաժանվել էր երկու խմբի. մի խումբը պետք է մեկներ առաջնագիծ, իսկ մյուս՝ պաշտպաներ զորամասը. «Ես առաջնագիծ մեկնող խմբի անդամ էի ու երբ հերթը հասավ, որ պետք է ստանանք զենք զինամթերք ու մեկնենք, կրկին բախտ չվիճակվեց արագ դուրս գալ, քանի որ հակառակորդը ռմբակոծում էր այն շինությունը որտեղ մենք էինք»,-պատմում է նա։

Լևոնը հենց պատերազմի երրորդ օրը որոշել է գիրք գրել այդ մասին։ Քանի որ ավելի շատ էր սրվում իրավիճակը հասկացել է, որ եթե ողջ մնա, որպես վկա, կպատմի, թե ինչ օրեր են անցկացրել. «Ունեցել եմ մի բլոկնոտ որի մեջ գրել եմ, թե որտեղ ինչ է կատարվել, որ հետո ինձ հուշի ու ավելի մանրամասն նկարագրեմ»,-ասում է Լևոնը։

Գրքում պատմում եմ իր անցած 40 օրերի մասին՝ սկսած սեպտեմբերի 27-ից մինչև վիրավորված օրը՝ նոյեմբերի 5-ը։ Խոսում է դժվարությունների մասին, բայց պատմում է նաև, թե ինչպես էին հաղթահարած դուրս եկել իրավիճակից։ Ապրումներն այդ օրերին շատ ծանր էին. «Եղել են օրեր, որ ջուր և հաց չենք կարողացել բերել, քանի որ տարածքները դիտարկվում էին։ Բայց երբեք չենք հուսահատվել»,-պատմում է նա։

Գրքում պատմում է նաև իր հրամանատար՝ հետմահու «Արցախի հերոս»-ի կոչմանն արժանացած փոխգնդապետ Դավիթ Վանիկի Ղազարյանի, իր զոհված և վիրավորում ստացած ընկերների մասին։ Գրքի նպատակն է ավելի մոտիկից ծանոթացնել ընթերցողին «ՊԱՏԵՐԱԶՄ» բառին։

Գիրքն արդեն «Արմավ» հրատարակչությունում կա։ Վաճառքի դուրս կգա հունիսի 20-ից։ Լևոնի խոսքով՝ գիրքը հրատարակվել է Ամերիկայում բնակվող իր հարազատների ֆինանսավորմամբ։ Ունի արդեն նոր գիրք գրելու գաղափար, սակայն դեռ փակագծերը չցանկացավ բացել:

Լևոնը մեզ իր գրքի վերջաբանից մի հատված ուղարկեց. «Մի քանի օր անց արթնացա Երևանի հիվանդանոցներից մեկում: Չէի ուզում հավատալ, որ փրկվել եմ, քանի որ կորցրեցի շատ ընկերներ ու հարազատներ, կորցրեցի սերնդակիցներիս: Քանի՜ ընտանիքի ճրագ մարեց, քանի՜ երազանք մնաց անավարտ, ու քանի՜-քանի՜ տղաներ զոհվեցին անարդարությունից։ Չէի ուզում հավատալ, որ մեզ համար այլևս չկան Շուշի ու Հադրութ քաղաքները: Ու հիմա ես ապրում եմ, կամ ու պետք է ապրեմ այնպես, որ այս կյանքում հիշեմ բոլոր իմ զոհված ընկերներին` պահելով նրանց վառ հիշատակը։ Պետք է օգնեմ այն մարդկանց, որոնք ունեն իմ ջերմության կարիքը…»:

Էլիզա Գրիգորյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ