fbpx
Աշխարհ

Լիբիայում հրադադարի ռեժիմ մտցնելու հարցում առաջընթաց կա․ Պոմպեեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ Լիբիայի նավթային տերմինալները նորից կբացվեն Բեռլինի միջազգային համաժողովի շնորհիվ։ Այս մասին տեղեկացնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ-ն Լիբիայում հետաքրքրություններ ունի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Բացի դրանից՝ Լիբիայում էներգետիկայի ոլորտում լուրջ հնարավորություններ կան։ Մենք հույս ունենք, որ երկրից նավթի առաքման խոչընդոտումը կդադարեցվի այս խոսակցության արդյունքում։ Մենք նաև քաղաքական որոշման կողմնակից ենք»,-նշել է նա։

Պոմպեոյի խոսքով՝ Բեռլինի հանդիպման ժամանակ հաջողվել է հասնել առաջընթացի հրադադարի ռեժիմ մտցնելու հարցում։

«Ապահովվել է առաջընթաց հրադադարի, հաշտեցման, զորքերը բարձր մարտական պատրաստվածության վիճակից դուրս բերելու լիարժեք ռեժիմի հաստատման գործում։ Դեռ շատ անելիքներ կան։ Այնտեղ դժվար իրավիճակ է մարտադաշտում։ Բայց այնտեղ էին Էրդողանը, Պուտինը, (Գերմանիայի կանցլեր Անգելա) Մերկելը, և նրանք բոլորը անկեղծ պարտավորվեցին և ասացին, որ պատրաստվում են կրճատել ռիսկերը, հասնել հրադադարի ռեժիմի հաստատման»,-ասել է նա։

Պետքրտուղարը նշել է, որ ինքը լավատեսորեն է տրամադրված այն առումով, որ բռնությունը կպակասի և հնարավորություն կստեղծվի խոսակցություն սկսել Լիբիայում հակամարտության կողմերի միջև։

Նրա խոսքով՝ Բեռլինում հաջողվել է հաջողության հասնել նաև արաբական երկիր զենքի մատակարարման էմբարգոն պահպանելու հարցում։

«Կարծում եմ, որ մենք հասել ենք հաջողության, համենայնդեպս, առաջընթացի այն հարցում, որ ավելի քիչ կլինեն սպառազինությունները, ավելի քիչ ուժեր կլինեն տարածաշրջանում»,-ընդգծել է Պոմպեոն։

Լիբիայի ամենախոշոր Էշ Շարարա նավթահանքը փակվել էր կիրակի, այնտեղ աշխատող լիբիական ցեղերի ներկայացուցիչների պահանջով։ Միաժամանակ փակվել էր դրանից ոչ հեռու գտնվող Էլ Ֆիլ նավթահանքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ