ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Արթուր Մարկոսյանին (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և Ռուբեն Պապիկյանին (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) պատկանող կաթնամթերքի արտադրամասերի առանձին գործառույթը՝ համապատասխանաբար «Չանախ» և «Լոռի» տեսակի պանիրների արտադրությունը։
«Որոշման հիմքը Տեսչական մարմնի Շիրակի և Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումներն են, մասնավորապես՝ ստուգման ժամանակ նմուշառված պանրի լաբորատոր փորձաքննության արդյունքը:
- Կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
- ՍԱՏՄ-ն հորդորում է ուշադիր լինել սննդամթերքի պահպանման հարցում
Ըստ այդմ՝ «Չանախ» տեսակի պանրի (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և «Լոռի» տեսակի պանրի (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Նշված խախտումների վերացման համար սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: