Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 18-ի զինադադարը կպահպանվի

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումները և անընդունելի համարում դրանց հետևանքով խաղաղ բնակիչների և երեխաների սպանությունները:

«Գլխավոր քարտուղարը խորապես ցավում է այն առնչությամբ, որ մշտապես անտեսվում են միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները», – նշված է հաղորդագրությունում:

Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույցներում Գուտերեշը շեշտել է, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ կողմերը պարտավոր են ռազմական գործողությունների ընթացքում մշտապես խնայել և պաշտպանել քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքները:

Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու մասին վերջին հայտարարությամբ ընդգծված պարտավորությունները և անհապաղ կսկսվեն առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ