Սպորտ

Որոշել եմ կարիերաս շարունակել արտասահմանում․ Մանուչարյանը տեղափոխվեց ՌՊԼ

Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Փյունիկի» 25-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորում», հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Մանուչարյանը «Փյունիկում» էր 2016 թվականից և ակումբի կազմում անցկացրել է 119 խաղ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արմեն Մանուչարյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն նոր ակումբում։

Պաշտպանը նաև հրաժեշտի խոսքով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի երկրպագուներ՝

Երկար տարիներ Հայաստանում անցկացնելուց հետո որոշում եմ կայացրել կարիերաս շարունակել արտասահմանում։ Այս որոշումը կայացնելիս բացառապես առաջնորդվել եմ ֆուտբոլային սկզբունքներով։ Կարծում եմ, հասունացել էր պահը, որպեսզի քայլ առաջ կատարեմ իմ կարիերայում և ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռոտոր» տեղափոխությունը լավագույն որոշումն էր ինձ համար։ 2016 թվականից հանդիսանում եմ «Փյունիկի» ֆուտբոլիստ և այս 4 տարում «Փյունիկն» ինձ համար հասցրեց դառնալ հարազատ ակումբ։ Միասին անցել ենք անմոռանալի ճանապարհ, որը լի էր հաջողություններով։ Իհարկե, անմասն չմնացինք նաև ձախողումներից, բայց այս ակումբը գիտի, թե ինչպես է պետք հաղթահարել նման իրավիճակները։ Հեռանում եմ՝ վստահ լինելով, որ առանց ինձ նույնպես այս ակումբը կարող է հասնել իր առջև դրված նպատակներին։

Շնորհակալություն ձեզ խաղադաշտում և խաղադաշտից դուրս մշտապես ցուցաբերած աջակցության համար։ Հուսով եմ, իմ խաղով հուսախաբ չեմ արել ձեզ։

Շնորհակալություն «Փյունիկի» ղեկավարությանը, ովքեր ոչ միայն չխոչնդոտեցին իմ տեղափոխությանը, այլ նաև իրենց խորհուրդներով օգնեցին, որ ճիշտ որոշում կայացնեմ՝ ի շահ ինձ և հայկական ֆուտբոլի։

Առանձնահատուկ շնորհակալություն խաղընկերներիս և բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել եմ այստեղ, ինչպես նաև «Փյունիկի» աշխատակազմին, ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Վստահ եմ, որ «Փյունիկը» դեռ շատ կուրախացնի իր երկրպագուներին։ Հաջողություն և հաղթանակներ եմ մաղթում ակումբին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ