fbpx
Իրավական

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։


Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, իրականացնելով մասնաճյուղի ընթացիկ գործունեության կազմակերպում և ղեկավարում, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար վատնելու եղանակով հափշտակել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 11.476.359 ՀՀ դրամը:

Մասնավորապես պարզվել է, որ հանդիսանալով վերոնշյալ մասնաճյուղի տնօրեն, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինությանն միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում և փաստացի աշխատանքի չներկայանալու և պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրանց տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից վերջիններիս վճարվել են գումարներ:


Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ