fbpx
Կրթություն

ՀՀ-ում մեկնարկել են միասնական քննությունները

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շրջելով Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի քննասենյակներում՝ որևէ խնդիրներ չի նկատել, և ամեն ինչ ընթանում է ըստ ընթացակարգի:

«Դիմորդներն էլ փաստեցին, որ որևէ արտառոց խնդիր չկա: Դիմորդների ընդհանուր թվի շատ մեծ փոփոխություններ չկան, բայց, կախված մասնագիտություններից, տարբերություններ կան, իհարկե: Կան մասնագիտություններ, որ նվազել են, իսկ որոշ տեղեր աճել են. սա բնական երևույթ է: Իհարկե, պահանջված մասնագիտություններն են «Իրավագիտությունը», «Մաթեմատիկան» և «Ինֆորմատիկան», բայց պետք է նշեմ, որ վերջին տարիներին բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է»,- ասաց փոխնախարարը:

Կարեն Թռչունյանը հաջողություն մաղթեց բոլորին:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ ՀՀ-ում գործուm է 15 քննական կենտրոն, որոնցից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

Երևանում «Կենսաբանության» քննությունը հանձնողների թիվը կազմում է 503, «Աշխարհագրությանը»՝ 20: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ քննություն պետք է հանձներ 1762 դիմորդ, որոնցից 127-ը՝ «Աշխարհագրություն», 1 635-ը՝ «Կենսաբանություն»:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակն ասաց, որ նշված թվերը նախնական են, քանի որ գուցե այդ օրը մի քանի հոգի չներկայանան քննական կենտրոններ,- շեշտեց ԳԹԿ մամուլի խոսնակը:

Դիմորդներից մեկը՝ Բուդաղյան Սուսաննան, ով «Կենսաբանության» քննություն էր հանձնում, լարված էր, բայց ինչպես ինքն ասաց՝ բավականին լավ պատրաստված է:

«Մի փոքր խառնվածություն կա, բայց լավ պատրաստվել եմ, վստահ եմ ուժերիս վրա: Որոշել եմ Երևանի պետական համալսարանի ակնաբուժության բաժին ընդունվել և օգնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց»,- ասաց Բուդաղյան Սուսաննան:

Քննության տևողությունը 180 րոպե է: Ավարտից քիչ անց՝ ժամը 13:00-14:00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը, իսկ գնահատականը բողոքարկել կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18:00-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ