fbpx
Քաղաքականություն

Մենք պետք է ամբողջացնենք հեղափոխությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություն չեմ արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես պատիվ եմ ունեցել մեր հայրենակիցների, հայաստանցիների հետ լինել նոր Հայաստանի ակունքներում, նոր Հայաստանի գաղափարը պետք է ի կատար ածենք, մինչև վերջ չենք հասցրել Նոր Հայաստանը, մենք պետք է ամբողջացնենք հեղափոխությունը»,-նշել է նա՝ անդրադառնալով քաղաքականության մեջ իր ակտիվությանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը մեծ հպարտությամբ է ասում, որ կողմնակից է սերնդափոխության, և հպարտ է, որ իր կենդանության օրոք «Ժառանգություն»-ը 4-5 նախագահ է փոխել:

«Տարոսը մաղթում եմ բոլոր կուսակցություններին, որ այդ բնականոն վիճակը լինի բոլորի մոտ: Ես միայն ուրախ եմ, որ մեզ մոտ կա այդ վիճակը, պետությունը դա պետք է վերցնի որպես բանաձև: Մենք միասին՝ պետություն, իշխանություն, ընդդիմություն պետք է ունենանք այն վիճակը, որ մեր երիտասարդությունն ունենա հնարավորություն աճելու, ներկայանալու, նաև՝ կառավարելու»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ նաև վարչապետի հայտարարությանը, որ իրենք կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախորդ ռեժիմի դեմ։

«Վեց տարի առաջ նոր Հայաստանի երդումը կատարեցի ես, ապա՝ Նիկոլ Փաշինյանն ու հայ ժողովուրդը միասին, սակայն Նոր Հայաստանի մենաշնորհը պատկանում է միայն հայ ժողովրդին և մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցության:

Ո՛չ պարոն Փաշինյանը, ո՛չ ես ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, մենք միասին պետք է պատրաստենք նոր Հայաստանը հաջորդի համար: Մեր խնդիրն այն է, որ մենք պետք է գնանք ոչ թե մենիշխանության, անձնավորված իշխանության ճամփով, այլ պատրաստենք նոր ՀՀ-ն հաջորդի համար: Հուսով եմ՝ մի քանի տարի անց նորմալ ընտրությունների միջոցով Բ-ն պետք է փոխանցի իշխանությունը Գ-ին: Մենք պետք է ապահովենք այդ անցնցում փոխանցումը և այն ժամանակ, ես հույս ունեմ, որ մենք պետք է ունենանք այն իշխանությունը, որը պատկանում է մեր ժողովրդին և այն ժամանակ՝ Հովհաննիսյան լինի, Փաշինյան լինի, մեկ ուրիշ լինի, մենք պետք է ունենանք հավաքական պատասխանատվության իշխանություն, և Հայաստանը պետք է լինի մրցունակ, առաջատար մեր տարածաշրջանում»,-եզրափակեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ