fbpx
Սպորտ

Մի փոքր փորձն ու ֆիզիկական վիճակը չբավարարեցին. Վարդան Մինասյանը՝ Արարատ-Արմենիայի խաղի մասին

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» տանը 1-2 հաշվով պարտվեց «Սաբուրթալոյին»։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հետո ասաց, որ մրցակիցն իրենց ամենևին էլ չի զարմացրել.

«Առաջին խաղակեսում արեցինք այն ամենը, ինչ պլանավորել էինք: Երկրորդ կեսի 70-րդ րոպեից ֆիզիկական խնդիրներ նկատվեցին, մենապայքարներում պարտվում էինք․ այդտեղից էլ գալիս էին մրցակցի գոլերը:

Մի փոքր փորձն ու ֆիզիկական վիճակը չբավարարեցին: Մրցակիցն առաջնության մեջ է, ու դա օգնեց նրանց»:

Վարդան Մինասյանը չի կարծում, որ եվրագավաթային հանդիպումների երկրորդ խաղակեսերում իր թիմը վատ է խաղում.

«Օրինակ՝ «Լինկոլնի» հետ խաղում պահեր չիրացրինք: Չեմ հիշում, որ Երևանում անցկացրած խաղերի երկրորդ կեսերում վատ ենք խաղացել, այսօր, իրոք, մեզ չհերիքեց ֆիզիկականը, ամբողջ թիմի մոտ դա նկատվեց: Սա մեր 5-րդն խաղն էր: Առաջին կեսում շատ էներգիա ծախսեցինք, վերահսկում էինք խաղն ու արագ խլում էինք գնդակը, դա էլ էներգիա է տանում: Երկրորդ կեսում նկատվեց, որ ամբողջ թիմը հոգնած է, անհատապես բոլոր պայքարները զիջում էինք, հատկապես եզրերում: Մրցակիցն էլ, իսկապես, լավ և ուժեղ թիմ է»:

Մրցակցի մասին մարզիչն ասում է, որ ոչնչով չեն զարմացրել: Իր թիմն էլ դեռ պետք է կայանա, քանի որ նորեկներ ունի.

«Մրցակիցը եվրագավաթներում անփորձ է, սակայն 20 տարվա պատմություն ունի: Այս տարի ամռանը մենք 5 նոր ֆուտբոլիստ ենք ձեռք բերել․ ժամանակ է պետք, որ նրանք հարմարվեն թիմին խաղաոճին: Կրկնեմ՝ առաջին խաղակեսում ամեն ինչ շատ ճիշտ էինք անում: Կարողանում էինք փակել գրոհներն ու ակտիվ լինել եզրերում:

Այն, ինչ սպասում էինք մրցակցից, տեսանք: Պարզապես երկրորդ կեսում չստացվեց մեզ մոտ: Ինչ վերաբերվում է «Սաբուրթալոյին», ապա ամենևին էլ մեզ չզարմացրին: Խաղակցվածության առումով ավելի բարձր թիմ է: Մենք կայանալու խնդիր ունենք: Չես կարող բերել 5 նոր ֆուտբոլիստ ու միանգամից պահանջել, որ հարմարվեն թիմին: Անհատապես ու դրվագներում կարող են լավ խաղալ, սակայն ժամանակ է պետք ամբողջովին հարմարվելու համար։ Սպասում էի, որ երկրորդ խաղակեսում խնդիրներ ունենալու ենք: Ցանկալի կլիներ, որ երկրորդ գոլը խփեինք»:

Վարդան Մինասյանն ասում է, որ մեկնելու են պատասխան խաղի միայն հաղթանակի համար.

«Խաղից խաղ պետք է զարգանանք, աշխատենք: Այլ ելք չեմ տեսնում: Խաղակցվածությունը լավացնենք: Գնալու ենք այնտեղ հաղթանակի համար: Չեմ ցանկանում առաջ ընկնել, քանի որ առևջում՝ օգոստոսի 10-ին, Բարձրագույն խմբում ունենք հանդիպում «Գանձասար-Կապանի» հետ: Մեր բոլոր մտքերն այդ խաղի հետ են կապված: Այնուհետև կմտածենք պատասխան խաղի մասին: Ոչինչ չի փոխվում մեզ մոտ, ամեն խաղի մարզադաշտ ենք դուրս գալիս հաղթանակի համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ