fbpx
Արցախ

Ժողովրդի դիրքորոշումը միանշանակ է՝ Արցախը որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել Արցախի կարգավիճակի վերաբերյալ՝ պատասխանելով մի շարք հարցերի։

«Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ավելին, մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու: Ի դեպ, այս դիրքորոշումը մշտապես ներկայացվել ու ներկայացվում է և՛ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ հրապարակայնացվում է: Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում: Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից: Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես կատարել է, օրինակ, Կոսովոյի պարագայում: Մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն՝ արժեքահեն ու արդար, և ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա», – ասված է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ