Սպորտ

2021-ի մեծ նպատակը՝ օլիմպիական չեմպիոն դառնալն է․ Արսեն Հարությունյան

«Ոչ միայն ինձ, այլև ողջ սպորտային աշխարհի համար շատ բարդ տարի էր»,- ArmSport-ի հետ սպորտային տարին ամփոփելով՝ ասել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նա նաև ասել է, որ հոգեբանորեն մրցաշարերին պատրաստվելը շատ դժվար է եղել:

«Համավարակի պատճառով չեղարկվեցին հավաքները, և մարզիկների համար դժվար էր մոտիվացվել ինչ-որ բանով։ Հետո, պատերազմական վիճակը տեսնելով, չէինք կարողանում մարզվել: Բայց այդ ամենի հետ մեկտեղ կարողացել եմ երկրի համար երկու մեդալ նվաճել այս տարի»,- ասում է Արսենը, որը վերջերս կայացած Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում շատ մոտ էր ոսկե մեդալ նվաճելուն, իսկ ի՞նչը խանգարեց․

«Առաջին անգամ էի Աշխարհի գավաթի եզրափակչում․ ինձ թվում է՝ ավելորդ լարվածությունը ինձ խանգարեց»,-անկեղծանում է մրցաշարի արծաթե մեդալակիրն ու վերհիշում անցկացրած գոտեմարտերը»։

«Մինչև եզրափակիչ երեք գոտեմարտ եմ ունեցել շատ փորձառու ըմբիշների հետ։ Առաջին գոտեմարտս վստահ անցկացրել եմ, երկրորդ գոտեմարտս դժվար, բայց հաղթանակով եմ ավարտել, երրորդ գոտեմարտս Սերբիայում Սերբիայի ներկայացուցչի հետ էր․ ուշադիր, ակտիվ գոտեմարտ եմ վարել և վերջին րոպեին առավելության հասնելով՝ հաղթել եմ»։

57կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը, որը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, վստահ հաղթանակ էր տարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 5-4 հաշվով հաղթել ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյին, իսկ կիսաեզրափակչում 7-4 հաշվով հաղթել սերբ Ստևան Անդրիա Միչիչին։ Եզրափակչում, սակայն, Արսենը 0:10 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Զավուր Ուգուևին ու նվաճեց մրցաշարի արծաթե մեդալը։

Նախորդ տարի Արսենը մասնակցել էր նաև Եվրոպայի առաջնությանը՝ 61 կգ քաշային կարգում։

Համավարակի շրջանում Արսեն Հարությունյանը մարզվել է իր մարզադպրոցում՝ եղբոր հետ, իսկ պատերազի ժամանակ՝ մեկնել առաջնագիծ, հետո գնացել հավաքի Աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար։

«Ես Հայ եմ ու սիրում եմ Հայրենիքս, ցանկությունս այնքան մեծ էր, որ ուղղակի չգնալ չէի կարող։ Գնացել եմ մեր պետական սահմանը պահելու, հորս, մեր զինվորների և իմ ազգի կողքին լինելու համար»։

Պատերազմական գործողությունների մասին Արսենը խոսել չի ուզում։ Ուղղակի ասում է, որ հաղթանակը նվիրում է մեր նահատակված տղաների հիշատակին․

«Նրանք պատվով ընկան, և մենք պետք է միշտ վառ պահենք նրանց հիշատակը»։

2021-ին Արսենի մեծ նպատակը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն ու օլիմպիական չեմպիոն դառնալն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ