fbpx
Խորհրդարան

Պարտիզանական գործողությունների ֆոնին շատ կարևոր է ոստիկանության լիազորությունների ավելացումը․ Անդրանիկ Քոչարյան

Օրինագիծը ներկայացվել է ճիշտ ժամանակին, քանի որ կկարգավորի ոստիկանության գործունեությունը և կընդլայնի նրա հնարավորություններն ու գործառույթները ավելի արդյունավետ գործունեության համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստում «Օպերատիվ հետաքննության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ասաց խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ սկսված «պարտիզանական գործողությունների» ֆոնին այս օրենսդրական նախաձեռնությունը բավական կարևոր ու անհրաժեշտ է։

Նշենք, որ ներկայացված օրինագծով առաջարկվում է ոստիկանությանը հնարավորություն ընձեռել ինքնուրույն իրականացնել այն քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսումները, որոնք որպես կասկածյալ անցնում են այս կամ այն գործով։

Ինչպես ավելի վաղ նշել էր օրինագծի հեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, հաշվի առնելով ոստիկանության օպերատիվ-քննչական լիազորությունները, ինչպես նաև այն, որ ոստիկանությունում գործում է Օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում, որն ունի համապատասխան մասնագետներ և տեխնիկական բազա, այս օրինագծով առաջարկվում է օրենսդրական մակարդակով թույլ տալ քաղաքացիների հեռախոսազրույցների վերահսկողություն և գաղտնալսում առկա տեխնիկական միջոցների օգնությամբ։

Սրանով, պատգամավորի կարծիքով, կարելի կլինի ժամանակ խնայել, որը ծախսվում է Ազգային անվտանգության ծառայություն դիմելու վրա՝ նրանց կողմից անհրաժեշտ միջոցներով ապահովելու և կազմակերպչական աշխատանքներ կատարելու համար։

Խորհրդարանականը նաև պարզաբանել է, որ այսօրվա դրությամբ ոստիկանությունը ստիպված է նման խնդրանքով դիմել ԱԱԾ, որն առանց այդ էլ աշխատանքի ծանրաբեռնված ժամանակացույց ունի։ Օրինագիծը, Խաչատրյանի հավաստիացմամբ, թույլ կտա որոշակի չափով հանել ԱԱԾ-ից մի շարք պարտավորություններ, որոնք չեն մտնում նրա լիազորությունների մեջ, ինչը թույլ կտա պակասեցնել նաև ծանրաբեռնվածությունը՝ բարձրացնելով նրա աշխատանքի արդյունավետությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ