Azat TV-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի և դրան հաջորդած հայտարարությունների թեմայով զրուցել է ՔՈ ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ։
– Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված պատասխանները, մասնավորապես Արցախի հետ կապված, ինչպե՞ս եք գնահատում, համակարծի՞ք եք, թե՞ ոչ, արդյո՞ք այդ պատասխանները այս փուլում ճիշտ էին։
– Նիկոլ Փաշինյանի թեզերը, որոնք ինքը հնչեցրեց ասուլիսի ժամանակ, որոնք, ըստ էության, զարգացումն էին իր նախորդիվ հնչեցրած թեզերի, վկայում են մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդատուների հետ միասին որոշել է Հայաստանի հանրությանը պատրաստել նրան, ինչին հոգեբանորեն նրանք հարմարվել են։ Այսինքն՝ Արցախի ապահայկականացմանը՝ որպես իրավական սուբյեկտ։ Այս պնդումը, որպեսզի մերկապարանոց չհնչի, մենք պետք է նայենք Նիկոլ Փաշինյանի այն փաստարկը, երբ ինքն ասում է, որ ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն դեռևս մի քանի տարի առաջ չէր մնացել Արցախի հայկական լինելու համար։
Այսպիսի տեքստ հնչեցնողը, այսինքն՝ ինքը հոգեբանորեն հարմարվել է, որ տեսական և գործնական որևէ հնարավորություն չկա, ինչի հետ ես ինքս համաձայն չեմ, որովհետև այսպիսի փաստարկների հիմքում Նիկոլ Փաշինյանը դնում է բանակցային գործընթացում ձևավորված այնպիսի իրողություններ, որոնք ոչ թե հայկական թեզերին հակադիր ամրագրված իրողություններ են, այլ ընդամենը անորոշություններ։ Այսինքն՝ դա ընդունված պրակտիկա է դիվանագիտության մեջ, երբ հնարավորություն չկա երկուստեք ընդունելի որոշակիություններ մտցնելու։ Այս դեպքում թողնվում են երկուստեք ընդունելի անորոշություններ, և այսպիսի անորոշությունները հետագայում կողմերը մեկնաբանում են բացառապես իրենց շահերի կոնտեքստում, ինչպես նաև հակառակորդի մեկնաբանությունները ապսուրդային են։
Բայց սա դասական դիվանագիտության մեջ։ Ինչպես կարող եք կռահել, Նիկոլ Փաշինյանը դեմ է դիվանագիտության բոլոր դասական կանոններին և, ըստ էության, հիմա արդեն դեմ է հայկական դիվանագիտական նառատիվին։ Փոխարենը իր փաստարկները կառուցի այդ անորոշությունները Հայաստանի շահերից ելնելով մեկնաբանելու տրամաբանությամբ, ինքն իր փաստարկները կառուցում է Ադրբեջանի շահերից ելնող տրամաբանությամբ։ Այսինքն, եթե կա անորոշություն, որը մենք պետք է մեկնաբանեինք, պետք է բխեր մեր շահերից։ Նիկոլ Փաշինյանը հիմա մեկնաբանում է այնպես, որ, իհարկե, դա նշանակում է այն, ինչ Ադրբեջանն է ուզում։
– Ի՞նչ եք կարծում վարչապետի մոտեցումները փոխվե՞լ են, ու՞ր կարող է դա տանել։
Հրապարակային մոտեցումները փոփոխության ենթարկվել են, ոչ հրապարակային մոտեցումները որքանով են առաջ այսպիսին եղել, չգիտեմ, բայց մի բան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական շրջապատը, այսինքն՝ իր արտաքին քաղաքական խորհրդատուները, գրեթե 100 %-ով փոփոխության են ենթարկվել՝ անհատական կազմի իմաստով։ Այլ մարդիկ են սկսել իրեն արտաքին քաղաքականության հարցերում խորհուրդ տալ, և հետևաբար արտաքին քաղաքականության բովանդակությունը ևս գրեթե 100%-ով փոփոխության է ենթարկվել։ Այդպիսի հայտնի ասույթ կա՝ ջրից փախչողը կրակի մեջ։ Նիկոլ Փաշինյանի իրավիճակն է դա, որ մի արատավոր պրակտիկայից անցում է կատարել ավելի աղետալի պրակտիկայի։
– Ըստ ձեզ՝ մենք ինչ հնարավորություններ ումենք ԼՂ հարցի լուծումը ի օգուտ մեզ լուծելու համար, ինչպե՞ս եք այն տեսնում։
-ԼՂ հարցը մեր օգտին կարգավորելու առնչությամբ, պետք է ասել հետևյալը. առհասարակ որևէ կոնֆլիկտ անջատ չէ միջազգային քաղաքականության ընդհանուր տրամաբանությունից, և ռեգիոնալ կոնֆլիկտները առավել խոշոր գեոպոլիտիկ առճակատումների մեջ ընդամենը զսպանակներ են, ձգաններ են։ Պատահական չէ, կարծում եմ, որ աշխարհի երեսին գտնվող բոլոր սառած և թեժ կոնֆլիկտները այս շրջափուլում ակտիվացման փուլ են ապրում։ Սա նշանակում է, որ գնում է գլոբալ վերաձևման գործընթաց։ Ես կարծում եմ հիմնական առանցքային կողմերը լայն մաշտաբներում Միացյալ Նահանգներն ու Չինաստանն են՝ որպես առճակատման հիմնական կողմեր, իսկ մեր ռեգիոնում առավել դերակատարում ունեն Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։ Ընդ որում, այս կոնտեքստում Թուրքիայի հանրապետությունը ես դիտարկում եմ ընդհանուր առմամբ մեծ բրիտանական քաղաքականության հետ շահերի համընկնման մեջ գտնվող պետություն։ Մեր հարցի լուծման բանալին հենց թաքնված է այս խոշոր գեոպոլիտիկ պրոեկտների էությունը հասկանալու հետ։ Մենք պիտի հասկանանք, որ պրոեկտին կարող ենք հակադրվել, որին չենք կարող, որին պետք է հակադրվենք, որին իմաստ չկա, որն է մեր շահերից բխում, որը՝ ոչ։ Երբ մենք հասկանանք գլոբալ գործընթացները, մեր լոկալ խնդիրը կարգավորելու հնարավորություններ ինքներս էլ կտեսնենք։
– Արցախի նախագահն ու ԱԺ-ն վարչապետի ելույթից հետո հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հարցադրումները դեմ են արցախահայության ինքնորոշման իրավունքին և առաջ քաշեցին այլ խնդիրներ ևս։ Այս ամենին հաջորդեց նաև Փաշինյանի գրառումը։ Ինչպիսի՞ գնահատական կտաք նշված իրադարձություններին։
-Ես կարծում եմ, որ ազդեցությունը ծնում է հակազդեցություն։ Քաղաքականության մեջ մշտապես պրոցեսները ձգտում են բալանս հաստատելու և, երբ որ ավանդաբար գոյություն ունեցող մեր հայկական ստատուս քվոն խախտելուն ուղղված քայլ է անում Նիկոլ Փաշինյանը, բնականաբար դրան պետք է հետևեր Արցախի քաղաքական շրջանակների կողմից այդ ստատուս քվոն խախտելուն ուղղված գործողությունների հայտարարությունների իրականացումը։ Բնական պրոցեսը է, քանի որ բալանսներ են ձևավորվում, որոնք մեկ ընդհանուր մեծ տրամաբանության մաս է։ Ինչ տեղի է ունենում օրինաչափ է, և Արցախի քաղաքական շրջանակների արածը վնասակար չէ։
Հովեյան Վիկտորյա