Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
- Միրզոյանն ու Չավուշօղլուն անդրադարձել են կայացած հանդիպման արդյունքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ալևի կլանը անկելու է, ադրբեջանական ահաբեկիչ ռեժիմը տապալվելու է․ Այվազյան
Ուղերձում նշված է.
«Ձերդ Սրբություն,
Հայ ժողովրդի և անձամբ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ։
Խորապես շնորհակալ ենք աշխարհում խաղաղությանը և արդարությանը միտված՝ Ձերդ Սրբության աղոթքների, ուղերձների և մեր միջպետական կապերի շարունակական ամրապնդման հարցում աջակցության համար։ Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որոնք խարսխված են դարերի խորքից եկող քրիստոնեական արժեհամակարգի, ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության վրա:
Մեծապես երախտապարտ ենք, որ Ձերդ Սրբության ուշադրության ներքո եք պահում նաև Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները, որոնք պահանջում են շուտափույթ լուծում՝ տարածաշրջանային խաղաղ համագոյակցության ամուր հիմքեր ստեղծելու համար:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն և հաջողություն` Տիեզերական եկեղեցու նվիրական առաքելությունը երկար տարիներ առաջնորդելու համար։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»։