fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին ու Պուտինին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Միշուստինին ուղված ուղերձում ասվում է․

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՌԴ ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի բազմադարյա պետականության պատմության մեջ այս տոնը խորհրդանշում է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում համակարգային վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Հայ-ռուսական դաշինքը, որը հիմնված է մեր երկրների ժողովուրդների բարեկամական և եղբայրական դարավոր հարաբերությունների վրա, անփոփոխ կերպով դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային, տարածաշրջանային և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերն այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական հարաբերությունների ողջ համալիրի ընդլայնմանը՝ նպաստելով մեր երկրների զարգացմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը:

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Պուտինին ուղղված ուղերձում ասվում է․

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում հիմնարար վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ու տեղի էլ ավելի ամրապնդումը:

Այսօր Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքի վրա բազմաբնույթ փոխգործակցություն կառուցելու ձգտումը։

Համոզված եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով` հանուն մեր պետությունների շահերի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ