fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը զարմացած է Բելառուսի նախագահի քայլի վրա

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը ներկայացրել է Ադրբեջանի դեսպանին, պատասխանեց. «Մեր արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է:

Հիմա պատկարեցրեք նույն իրավիճակը կլինի, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա մանրամասնեց, որ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: «Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք՝ քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Մեր արտաքին գործերի նախարարն էլ այսօր մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է, և ես ուզում եմ ասել, որ մենք, կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և մյուսեները ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նաև այդ հարցն է քննարկել: «Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի հետ, կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ, որպեսզի ի վերջո հասնենք փոխըմբռնման»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Աղբյուրը՝ t.me/infocomm

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ