«Կա քաղցկեղի դեմ պայքարելու շատ արդյունավետ միջոց, դա կանխարգելումն է»,- փետրվարի 4-ին, խոսելով Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների, գրանցված դեպքերի ու կանխարգեման միջոցների մասին, ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի օր, իսկ Խաչանուշ Հակոբյանը ցանկություն հայտնեց, որ քաղցկեղի դեմ պայքար լինի ամեն օր, քանի որ դա այն հիվանդությունն է, որի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել, սակայն այդ չարիքը լիովին կարող է բուժվել վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում: 2018թ. Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է 60000 հետազոտություն, զննություն է կատարվել 49423 այցելուի: Կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել 1575 այցելուի մոտ, որից 1139-ը` վաղ փուլում: 38 կնոջ մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցեկղ, իսկ 56-ի մոտ՝ նախաքաղցկեղային վիճակ: Քաղցկեղի հայտնաբերման դեպքերը վերջին տարիներին էականորեն չեն փոխվել:
«Քաղցկեղը վաղ հայտնաբերելու դեպքում պացիենտը չի ունենում քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման կարիք և ընդամենը փոքր վիրահատության միջոցով, որն ավելի քիչ ծախսեր է պահանջում, հնարավոր է լինում փրկել կյանքը: Հայաստանում տարբեր օրգանների վիրահատությունը տարբեր գներ ունեն: Օրինակ` կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունը կարող է արժենալ 300.000դր-ից մինչև 1 000 000 մլն դրամ՝ կախված վիրահատության տեսակից ու բարդությունից»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածներից է: Երկրորդ տեղն է զբաղեցնում թոքերի քաղցկեղից հետո: Գլուխ է բարձրացրել նաև վահանաձև գեղձի քաղցկեղը: 2018-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է վահանաձև գեղձի 1212 բարակ ասեղային ասպիրացիա (պունկցիա), որի արդյունքում գրանցվել է 400 վահանձև գեղձի քաղցկեղ:
«Վահանաձև գեղձի քաղցկեղն այսօր բավական հաճախ է հանդիպում և հանդիպում է նաև երիտասարդ տարիքում: Վաղ փուլում հայտնաբերված և ճիշտ բուժման դեպքում բացարձակ արդյունք ենք ստանում, ավելի բարդ և տոքսիկ բուժման կարիք չի լինում: Վահանաձև գեղձը հեշտ հետազոտվող օրգան է՝ լավ վիզուալիզացիայով ու ոչ թե պետք է վախենալ, այլ կանխարգելել հիվանդությունը»,- ասաց կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժնի պետ Հովհաննես Վարդևանյանը:
Խոսելով համացանցերում պարբերաբար տարածվող նյութերի մասին, որ քաղցկեղը հնարավոր է բուժել տարբեր բնական միջոցներով, Հովհաննես Վարդևանյանը նշեց, որ անընդունելի է, քանի որ դա գիտականորեն ապացուցված չէ:

