ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանգիստ է վերաբերվել այն փաստին, որ իրեն չեն հրավիրել Նորմանդիայում արևմտյան դաշնակիցների ափհանման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին նա ասել է Սանկտ Պետերբուրգում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Դա նշանակություն չունի: Կարևորն այլ բան է՝ ճշմարտությունը պատմության և սարսափելի ողբերգության մասին, որը պատուհասեց մարդկությանը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Մենք նույնպես ոչ բոլորին ենք հրավիրում բոլոր միջոցառումներին: Ինչո՞ւ ինձ պետք է անպայման հրավիրեն: Ես ի՞նչ է, հարսանիքի գեներա՞լ եմ»,- կատակել է Պուտինը:
Խոսելով Երկրորդ աշխարհամարտի ընթացքում երկրորդ ճակատի բացման մասին՝ Պուտինը հիշեցրել է, որ առաջին ճակատը եղել է ԽՍՀՄ-ում:
Հիշեցնենք, որ այսօր աշխարհի ղեկավարները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի հյուսիսում այսօր մասնակցում էին Նորմանդիայում արևմտյան դաշնակիցների ուժերի ափհանման 75-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներին: