fbpx
Հասարակություն

Քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել Քաջարանում

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում այսօր տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) (մինչև 2018 թ.) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զար-գացման նախարարության հետ համատեղ։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՏԿԶ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, ԱՄՆ ՄԶԳ ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ