Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը.
«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» – հուլիսի 4
«Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) – հուլիսի 5
«Հայոց լեզու և հայ գրականություն» – հուլիսի 6
«Մաթեմատիկա» – հուլիսի 7
«Հայոց պատմություն», «Ֆիզիկա» – հուլիսի 8
«Քիմիա», «Ռուսերեն» – հուլիսի 9:
Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։
Բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը` ժամը 17:00-ը` ներառյալ:
Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություններ կարող են հայտագրել՝
օտարերկրացիները և երկքաղաքացիները,
օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
2022 թվականի ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող քաղաքացիները,
առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:
Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։
Հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննությունները: Նրանք մասնակցելու են թափուր մնացած տեղերի մրցույթին։
Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`
- 3 x 4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
- ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական և/կամ կենտրոնացված քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:
Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500 դրամ) պետք է մուծեն քննությունը կազմակերպող բուհի հաշվեհամարին։ Միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունների վճարից ազատվում են «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի» 89-ից 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները։
Երկրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կփոխանցվեն առանձնացված դպրոցներ, ինչպես նաև կուղարկվեն դիմորդի էլեկտրոնային հասցեին: