Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց կրկին հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:
Արդեն երրորդ օրն է, ինչ նրանք գալիս են դատարանի բակ և պահանջում ազատ արձակել Քոչարյանին:
Երեկ դատարանի բակ էին եկել նաև Քոչարյանի ազատ արձակմանը դեմ ցուցարարները: Նրանց խոսքով՝ իրենք նույնպես եկել են դատարանի բակ՝ ապացուցելու, որ ՀՀ երկրորդ նախագահին ծափ չտվողների թիվն ավելի մեծ է: Նախատեսվում է, որ այսօր նույնպես ընդդեմ Քոչարյանի ցուցարարները հավաքվելու են դատարանի բակում:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Գործի քննության առաջին օրը դատարանում միջադեպ տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարգես Գասպարի եւ Քոչարյանի աջակիցների միջեւ. Գասպարին պարզել էր մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ցուցապաստառ՝ բղավելով «Ռոբիկ մարդասպան», ինչը նրա ձեռքից խլեցին Քոչարյանի կողմնակիցները։ Իր խոսքով Քոչարյանի աջակիցները նաև իրեն շշով խփել էին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով։
Նշենք նաև, որ Քոչարյանի պաշտպանական կողմը դատարանին էր ներկայացրել Արցախի նախկին և ներկա նախագահների Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորագրերը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: Դատարանը նշել էր, որ Սահակյանն ու Ղուկասյանը անձամբ պետք է ներկա լինեն դատական նիստին: