«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը: Ֆիլմեր կցուցադրվեն նաև այլ տարածքներում:
Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Մասնավորապես, ներկայացված են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից:
Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:
Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:
Փառատոնի շրջանակներում, ինչպես և նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ:
Այս տարի վարպետության դասեր անցկացնեն «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը (ԱՄՆ), «Սիրով, Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը (Լեհաստան), European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա), ոլորտի մասնագետներ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), նկարիչ, պատկերապատումների հեղինակ Դեն Գոլդմանը (ԱՄՆ), գեղանկարիչ և անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադը (ԱՄՆ), ռեժիսոր-անիմատոր Նատալյա Միրզոյանը (Ռուսաստան), ռեժիսոր Արուպ Դեվիվիդին (Հնդկաստան), անիմատոր, իլյուստրատոր Զորիկա Գետան (Գերմանիա) և պրոդյուսեր Ալան Գրանջերարդը (Ֆրանսիա)
Ի դեպ, «Ռեանիմանիա» փառատոնի այս տարվա բոլոր տպագիր նյութերում, այդ թվում՝ պաստառին, կնկատեք կարմիր շրջանաձև խորհրդանիշ: Փառատոնն այն զետեղել է ի հիշատակ Kyoto Animation ընկերության շենքի հրկիզման, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 18-ին: 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում և աշխատակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել է 35 մարդ: Սա Ճապոնիայում կատարված հետպատերազմյան ամենախոշոր զանգվածային սպանությունն էր: Փառատոնի այս քայլը հարգանքի տուրք է՝ ի հիշատակ մեր գործընկերների, ովքեր դարձան այս պատահարի անմեղ զոհերը: