Փետրվարի 16-ին «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց տարեկան հաշվետվություն:
«Ռեստարտի» անդամ Դավիթ Պետրոսյանը նախ ներկայացրեց «Ռեստարտի» ստեղծման պատմությունը:
Ստեղծման նախադրյալը եղել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ից սկսած մինչև տարվա վերջ շարունակված տարկետման հետ կապված ուսանողական շարժումը, որից հետո՝ փետրվարի հինգին, ձևավորվեց «Ռեստարտը»: «Ռեստարտն» իր առջև մի շարք խնդիրներ էր դրել, որոնցից են ակադեմիական ազատության հաստատումը, կրթության որակի բարեփոխումը, բուհերի ոչ կուսակցականացվածությունը և ապաքաղաքականացումը, դասախոսների աշխատավարձերի խնդիրը, ինչպես նաև ուսանողական ինքնակառավարումը:
Ապրիլ- մայիս ամիսներին «Ռեստարտը» մի շարք բողոքի ակցիաներ է իրականացրել համալսարանում, այդ թվում արդեն հայտնի դարձած այսպես ասած «զուգարանի թղթի ակցիան»:
Դավիթը նաև նշեց, որ ստեղծման օրվանից մինչև հուլիսի 17-ը «Ռեստարտը» ֆինանսավորվել է միայն ուսանողների և որոշ դասախոսների ֆինանսական միջոցների շնորհիվ:
Նախաձեռնության մի շարք ուսանողներ ներգրավվել են հեղափոխական գործընթացների մեջ, որից հետո «Ռեստարտը» ուսանողական նախաձեռնությունից դարձել է ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն:
«Ռեստարտի» հաջողություններից է եղել տարկետման օրենքի շրջանակներում ունենալ որոշում, որի ընթացքում 140 ուսանող ստացավ տարկետում:
Նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը խոսեց հեղափոխությունից հետո «Ռեստարտի» գործունեության մասին:
Տարբեր համալսարաններում ստեղծվեցին ուսանողական կազմավորումներ, որոնք իրենց կոչեցին «Ռեստարտ»: Հնարավորություն ունեցան գումարել ընդհանուր ժողով, որի ընթացքում պարզեցին այն խնդիրները, որ հատուկ են բոլոր բուհերին:
Հուլիսի մեկից դիմել են դրամաշնորհի համար՝ EED կազմակերպությանը, ձեռք բերել գրանտ՝ գրասենյակ վարձակալելու համար, նաև որոշակի գույքային ապահովում:
Դեկտեմբերին ստացել են ֆինանսավորում նաև «Բաց հասարակությունների հիմնադրամից»: Գումարը նախատեսված է պետական գրեթե բոլոր բուհերում ֆինանսական քաղաքականության հետ կապված ուսումնասիրություններ անցկացնելու համար: Ծրագրի ընթացքում լինելու են տարբեր դասընթացներ, իսկ պրոցեսը լինելու է բաց և թափանցիկ:
Մելինե Գևորգյանը ներկայացրեց նախաձեռնության ներքին կառուցվածքը: Ռեստարտը կազմված է 4 դեպարտամենտներից, որոնք իրականցնում են տարբեր միջոցառումներ: Մոտ 52 անդամներ արդեն ստացել են անդամակցության քարտեր:
Անդամները նաև տարբեր ծրագրերի շրջանակներում մեկնել են արտերկիր՝ մասնակցելու մի շարք կարևոր միջոցառումների և ծրագրերի:
Ռեստարտը նաև դիտորդական առաքելություն է իրականցրել Թրանսփերընսի Ինթերնեյշընըլ կազմակերպության շրջանակներում:
Նախաձեռնությունը պատրաստվում է սկսվել մի շարք նոր նախագծեր՝ այդ թվում Բանավեճի ակումբ, Քաղաքացիական-հասարակական դպրոց, ուսանողական տարածքների վերականգնման ծրագրեր և այլն: