«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը Ամուլսարի խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված կողմ և դեմ գործընթացները ցույց տվեցին, որ.
1) հանքի շահագործման լիցենզիան տրվել է միջազգային չափանիշների և օրենքի պահանջների խախտմամբ և հակասում է դրանց, հանքի շահագործումը Հայաստանի և հայության համար առաջացնելու է գոյութենական մասշտաբի աղետալի հետևանքներ, ինչի գիտակցությամբ ոչ միայն օրենքով ազդակիր համարվող համայնքների բնակիչների, այլև ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է դրան,
2) այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանությունը, նույնիսկ յուրային ժողովրդին մոլորեցնելու և օրենքի պահանջները անտեսելու գնով համառորեն փորձում է ապահովել հանքի շահագործումը: Նման իրավիճակում ելքը մեկն է. իշխանության վրա գործադրել նրա համար անհաղթահարելի հանրային ճնշում, որպեսզի նա ստիպված հետ կանգնի իր մտադրությունից և.
1) բացահայտի Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիայի տրամադրման կոռուպցիոն շղթան ու շահագործող ընկերության կատարած խախտումները, պատասխանատվության կանչի մեղավորներին և արգելի հանքի շահագործումը,
2) վերջապես նկատի ունենա, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը վաղուց հատել է գոյութենական սպառնալիքի կարմիր գիծը և, երկիրը թունավոր անապատի վերածելու միջոցով հեշտ շահույթ ստանալուն և կոռուպցիոն շահերը բավարարելուն միտված նախկին հանցավոր ռեժիմի արատավոր և ապազգային քաղաքականությունը շարունակելու փոխարեն անհապաղ ձեռնամուխ լինի տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությանը՝ հանքարդյունաբերության ասպարեզում առնվազն սահմանելով հետևյալ գերակայությունները.
– բացառել նոր մետաղական հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի, շահագործումը,
– սահմանել բնապահպանական միջազգային բարձր նորմեր ու չափանիշներ և դրանց համապատասխան գույքագրել առկա հանքարդյունաբերությունը,
– դադարեցնել օրենսդրական և բնապահպանական նորմերն ու չափանիշները խախտող և անվերականգնելի վնասներ հասցնող հանքարդյունաբերությունը,
– աստիճանաբար սահմանափակել տնտեսության մեջ մնացյալ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը և դրա տնտեսական արդյունքն էապես մեծացնել ի հաշիվ տեխնոլոգիական հագեցմամբ արժեքային շղթաների աստիճանական ամբողջացման, որպեսզի հումքի պարզունակ արտահանման փոխարեն Հայաստանն ունենա վերջնական արդյունքի վրա հիմնված արդյունաբերություն:
Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համազգային համախմբում: Բոլոր մտահոգ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, հայտնի գործիչներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին ու արտերկրի հայությանը կոչ ենք անում միանալ և աջակցել Ամուլսարի պայքարին: Հանուն Ամուլսարի և Հայաստանի ապագայի մղվող պայքարի հաղթանակի համար կարևոր նշանակություն ունի ս.թ. սեպտեմբերի 20-ի երթը:
Կոչ ենք անում մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և ակտիվ կերպով մասնակցել երթին:
Մենք ենք տերը մեր երկրի»: