fbpx
Խորհրդարան

Սևանա լճի հետ կապված՝ խնդիր կա. կորուստների հաշվառումը լուրջ պրոբլեմ է. Յոլյան

Հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին դիմելով՝ թվարկեց մի շարք ընկերությունների անուններ, հետաքրքրվեց՝ ովքե՞ր են սեփականատերերը:

Յոլյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորին հարգելով հանդերձ՝ շատ հարցերի ինքը պարզապես իրավունք չունի պատասխանելու և իրենք պարզապես փաստեր են արձանագրում:

«Օրենքով սահմանափակումներ կան, որ դրված են պալատի առջև: Եթե գտնում եք, որ խիստ կարևոր է, դրեք, օրենքում փոփոխություն արեք, հետո ինձնից պահանջեք: Թե ում են պատկանում ընկերությունները, այդ հմտությունեը Ձեզ ավելի է պատկանում՝ ճշտել: Ես օրենքը խախտել չեմ կարող»,- հավելեց նա:

Թովմասյանն անդրադարձավ նաև տեղեկություններին, թե Սևանից բաց թողնվող ջրի 60 տոկոսի կորուստ կա:

Յոլյանը նշեց, որ Սևանա լճի հետ կապված՝ խնդիր կա, որ կորուստների հաշվառումը լուրջ պրոբլեմ է, և երևի եղել են մարդիկ, որ այնքան էլ շահագրգռված չեն այդ հաշվառումն իրականացնելու:

«500 հազար եվրոյով սարքեր են գնվում, որի իմաստն է տարբեր ջրային հոսքերի մեծ ծավալներ իրականացնող կետերում դնել այդ չափիչ սարքերը, ըստ դրա՝ արդեն կորուստը հաշվառել: Բազմաթիվ այլ խնդիրներ կան, որ ըստ էության՝ չեն իրականացվել: Մենք հարց ենք բարձրացրել, Կառավարությունը մեզ տեղյակ պահեց, որ ծրագիր են իրականացնում, լուրջ ներդրումներ են իրականացնելու ջրի հաշվառման համակարգը համապատասխան պատշաճ մակարդակի վրա դնելու: Մեկը ասում է 60, մեկը՝ 10: Ես կարող եմ ասել՝ հաշվառում չկա»,- ասաց Յոլյանը:

Հաշվեքննիչ պալատի նախագահը հայտնեց, որ որպես տնտեսագետ կարող է հաշվարկներ անել, տեղեկացրեց, որ ֆինանսական բարդ խնդրի առաջ է կանգնած համակարգը, կառավարությունը յուրաքանչյուր տարի 5-7 մլրդ դրամ փող է հատկացնում, բայց պարտքերը գնալով շատանում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ