fbpx
Կառավարություն

Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ վարչապետի աշխատակազմի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջև

Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել պետական մարմիններում և հանրային նշանակության կազմակերպություններում հակակոռուպցիոն և ներքին բարեվարքության կրթության կազմակերպման ու բարեվարքության համակարգի ներդրման հարցերում։

Համատեղ ջանքերով կիրականացվի ուսումնասիրություն և դրա հիման վրա կներկայացվեն առաջարկություններ մասնավոր հատվածում բարեվարքության ապահովման և հակակոռուպցիոն համապատասխանության գնահատման համակարգերի ներդրման վերաբերյալ։ Նաև, կմշակվեն և կներդրվեն հակակոռուպցիոն ոլորտի կրթական և իրազեկման ծրագրեր, ինչի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կիրականացվի շուրջ 100 հանրային ծառայողի և բիզնես ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստում։

Կողմերը կարևորելով պետական կառավարման և արդարադատության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների նշանակությունը` հուշագրի շրջանակներում կմշակեն և կիրականացնեն իրավական կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերին նվիրված ծրագրեր առնվազն երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետներում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարություն պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ