fbpx
Քաղաքականություն

Տարածքային ամբողջականության թաքնված խութերը

Այսօր, երբ պատերազմի սպառնալիքով փորձ է արվում ապահովել հակառակորդի «տարածքային ամբողջականությունը», ակամայից թվում է թե դա այնքան էլ հակաօրինական չէ։ Սակայն, երբ հղում է արվում Ալմա Աթայի 1991թ․ հռչակագրին, ապա սկսվում են նկատվել առաջին թաքնված խութերը։ Այնտեղ իրոք խոսվում է պետությունների կողմից «միմյանց տարածքային ամբողջականության», ապահովվման մասին, սակայն մինչ այդ պահանջ է դրվում «ուժի գործադրումից և ուժով սպառնալիքից, տնտեսական և ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման» մասին։

Միայն հենց այն, որ Ադրբեջանը պատերազմի սպառնալիքով պահանջում է ՀՀ կառավարությունից տարածքների վերադարձ (իսկ եթե ոչ՝ ապա դա բլեֆ է սեփական ժողովրդին վախեցնելու համար), դա արդեն իսկ Հռչակագրի պահանջների կոպիտ ոտնահարում է և նաև երկուստեք «մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանման» պահանջի խախտում է։ Այն, ինչ որ տեղի ունեցավ Արցախի պարագայում։
Մյուս կողմից՝ հռչակագրում հղում չի արվում որևէ պաշտոնական քարտեզի ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միջպետական վեճերը կարգավորելու համար։ Ոչ ոք չի դիտարկում, թե ինչպիսի փոփոխությունների են ենթարկվել այդ քարտեզները և ինչու միշտ ի վնաս Հայաստանի։

Քարտեզ 1 (1920թ. նոյեմբերի 30)

1920թ. նոյմեբերի 30-ին Ադրբեջանի կոմունիստական կառավարության որոշմամբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը հանձնվեցին Հայաստանին։ Ամիսներ անց՝ 1921թ. հուլիսին Կովկասյան բյուրոյի որոշմամբ այդ տարածքները նորից վերադարձվեցին Ադրբեջանին, ընդ որում Սյունիքի արևելյան մասից հանձնվեց նաև մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք։ (տես Քարտեզ 2)

Քարտեզ 2 (1921թ. հուլիս 5)

Մինչև 1932թ. քարտեզները Հայաստանի ներսում Ադրբեջանական անկլավներ չկան և Արծվաշենը ամբողջությամբ գտնվում է Հայաստանի տարածքում։ (տես Քարտեզ 3, 4, 5)

Քարտեզ 3 (1926 ապրիլ 1)

Քարտեզ 4 (1927թ)

Ինչպես տեսնում ենք վերջին երկու քարտեզներում անկլավներ չկան սակայն արդեն իսկ Ադրբեջանի տարածքը Խորանում է Հայաստանի սահմանների մեջ՝ Ոսկեպարի հատվածում նեղուցը ավելի է խորանում Հայաստանի սահմանի մեջ իսկ Արծվաշենը Հայաստանին կապվում է ընդհամենը մի նեղ պարանոցով։

Քարտեզ 5 (1932թ.)

Այս քարտեզում արդեն Ալ լճերի տարածքը շուրջ 200 քառ. կմ տարածքը Կարմիր Քրդստան ստեղծելու պատրվակով հանձնվում է Ադրբեջանին։
Արդեն 1938թ. քարտեզում Հայաստանի տարածքում հայտնվում են երկու անկլավներ Ոսկեպարի հատվածում և Ազատամուտի մոտակայքում։ Այս քարտեզով Արծվաշենը դառնում է անկլավ ադրբեջանի կազմում, սակայն Տիգրանաշենը դեռ անկլավ չէ։ (տես Քարտեզ 6)

Քարտեզ 6 (1938թ.)
Արդեն 1940թ. քարտեզում Տիգրանաշենը դառնում է Ադրբեջանական անկլավ Հայաստանի տարածքում։ Հետագա տարիներին Ադրբեջանը տարբեր պատրվակներով խաբեությամբ Հայաստանի տարածքից պոկել է մանր կտորներ։ Ստորև բերվող 1985թ. քարտեզում այդ տարածքները նշված են մուգ կապույտ գույնով։ (տես Քարտեզ 7)

Քարտեզ 7 (1985թ.)

Վերջապես եթե անդրադառնանք այսօրվա քննարկման թեմա դարձած Տավուշի տարածաշրջանին, ապա ԽՍՀՄ ձևավորումից մինչև փլուզումը փոփոխություններն ունեն այսպիսի տեսք։ (տես Քարտեզ 8)

Քարտեզ 8

Այսքանից հետո մեր կառավարությունը որևէ կերպ չի էլ փորձում ընտրել մեր երկրի համար շահավետ տարբերակը։ Ընդհակառակը՝ անընդհատ խոսվում է ԽՍՀՄ ամենավերջին քարտեզի մասին, որը զուտ Ադրբեջանին է ձեռնտու։ Քարտեզով առաջնորդվելն էլ հարաբերական է, քանզի ինչպես տեսել ենք Ջերմուկում, Սև լճի և հարակից տարածքներում, ապա հակառակորդը հիմք է ընդունում Գուգլի քարտեզը։ Սակայն այն նորից խեղաթյուրված է նաև հակառակորդի միջամտությամբ, իսկ մեր կողմը որևէ կերպ կամք չցուցաբերեց տեր կանգնելու բարձր ամբիոնից հայտարարվող Հայաստանի սուվերեն ինքնիշխանությանը։
Այսօր բարձրաձայնվում է ադրբեջանական չորս գյուղերի վերադարձի մասին որպես բնակավայրերի, սակայն այստեղ էլ երկիմաստ բառախաղ կա։ Այդ չորս բնակավայրերի տարածքներից ոչ բոլորն են եղել բնակելի տների տարածք։ Այդպես է առնվազն Ներքին Ոսկեպարի դեպքում, որի բոլոր շինությունները ամբողջությամբ գտնվում են մեր պաշտպանական բնագծից այն կողմ, մեր ուժերի վերահսկողության տակ միայն արոտավայրեր են։ Եվ չորս բնակավայրերի մասին պնդումը ևս իրականություն չէ։ Ներքին Ոսկեպարից մեր ուժերի վերահսկողության տակ զուտ հողային տարածքն է, այն տարածքը, որով անցնում է Իջևան- Նոյեմբերյան մայրուղին և հակառակորդի կողմից կեղծված սահմանը մտնում է Ոսկեպարի բնակելի զանգվածի մեջ։ Այդ տները հիմնականում կառուցվել են ԽՍՀՄ-ի ժամանակ և ունեն այդքա՜ն «փնտրվող» Կադաստրի վկայականներ, բայց այսօր հակառակորդի սահմանն անցնում է այդ տների բակերով, չորս տուն էլ անցնում է հակառակորդին, քանզի մեր կառավարությունը որոշել է միակողմանի, «պատերազմի սպառնալիքի տակ» միլիմետրի ճշգրտությամբ այդ տարածքները տալ հակառակորդին…

Քարտեզ 9

Իսկ որ հենց նույն քարտեզներով ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այստեղ արդեն 1991թ․ Հռչակագիրը անուժ է դառնում։ Միայն այս ենթաշրջանում Ջողազի լճի ձախ ափին հակառակորդի վերահսկողության տակ Բերքաբերի 800 հեկտարից ավել այգիներն ու արոտավայրերն են, որոնց վերադարձի դեպքում ազերական 3 գյուղերի ճանապարհները հայտնվում են մեր վերահսկողության տակ, և Ադրբեջանը կորցնում է իր առավելությունը մեր նկատմամբ։ (տես Քարտեզ 10)

Քարտեզ 10

Եթե երկու երկրներ իբր թե «խաղաղության» օրակարգ են ուզում, ապա տրամաբանական է թվում այս տարածքների փոխանակման տարբերակը, որի դեպքում երկու երկրներն էլ կունենային անկախ կոմունիկացիաներ․․․ Բայց, արի ու տես, մեր կողմը, որն ավելի անբարենպաստ դիրքում է, չի էլ փորձում հիմնվել այդ դիրքորոշման վրա։ Իրատեսական հիմնավորում էլ չկա, թե ինչու։ «Եթե մի տեղ սահմանը փոխենք, ապա այն կջարդվի», – սա հիմնավորու՞մ է, երբ հակառակորդը մեր քարտեզը ջարդել է Իշխանասարում, Սև լճերում, այլուր։
Այս տարբերակը առաջարկվել է ՀՀ կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, սակայն համապատասխան արձագանք չի գտել։
Անհասկանալի է մնում, որ այս իրավիճակում որոշվել է սահմանների հստակեցում կատարել այս տարածքում եթե այն կարելի էր սկսել Սյունիքի սահմաններից որտեղ Հայաստանի վերահսկողության տակ ըստ շրջանառվող քարտեզի ոչ մի «միլիմետր» Ադրբեջանական տարածք չկա Հայաստանի հսկողության տակ, այլ ընդհակառակը Հայաստանի սուվերեն տարածքներից 200 հեկտար (ըստ պաշտոնական հայտարարության) բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Մնում է եզրակացնել, որ Ադրբեջնաը չի պատրաստվում ոչ մի թիզ հող հետ վերադարձնել Հայաստանին, և մեր տարածքային զիջումները միակողմանի են լինելու, չեն նպաստելու Հայաստանի ինքնուրույնության ու տարածքային ամբողջականության վերականգնմանը։

Հոդվածում օգտագործվել են քարտեզներ Ռուբեն Գալչյանի «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» գրքից, Զանգակ հրատարակչություն, 2022թ.
ԱԼՄԱ ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=77470

Աղբյուրը՝ voskepar.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ