fbpx
Հասարակություն

«Տավուշն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը

«Տավուշն առանց հանքի» նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, որում կոչ է անում քաղաքացիներին խոչընդոտել փետրվարի 27-ին Վազաշեն համայնքում նախատեսված Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի հանրային լսումները:

Նախաձեռնության հայտարարության մեջ նշված է.

«Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացրել, և փետրվարի 27-ին համայնքում նախատեսված են հանրային լսումներ։

Մենք՝ «Տավուշն առանց հանքի» նախաձեռնության անդամներս, հաշվի առնելով Հայաստանում մետաղական հանքերի շահագործման և դրանց քայքայիչ ազդեցության դառը փորձը, հաշվի առնելով մեր մարզի՝ որպես բացառիկ մաքուր էկոլոգիական միջավայր ունեցող մարզի մասին պատկերացումները, հայտարարում ենք, որ․

– անընդունելի ենք համարում Տավուշի մարզի որևէ համայնքում մետաղական հանքի շահագործումը,

– Տավուշի զարգացումը տեսնում ենք միայն առողջ բնական միջավայրում՝ մարզում առկա էկոտուրիզմի, օրգանական գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ներուժի կիրառման ճանապարհով։

Կոչ ենք անում հատկապես Վազաշենի և հարակից համայնքների բնակիչներին, ինչպես նաև մեր մարզում հանքարդյունահանման հեռանկարը բացառող բոլոր քաղաքացիներին՝ ամեն գնով խոչընդոտել փետրվարի 27-ին Վազաշեն համայնքում հանրային լսումներ կայանալուն՝ այսպիսով բացառելով Տավուշի տարածքում մետաղական հանքի շահագործումը։

Կոչ ենք ուղղում նաև խնդրով մտահոգ բոլոր անհատներին և կազմակերպություններին՝ միավորելու մեր ուժերը՝ Վազաշեն համայնքում հանքարդյունաբերությանն այլընտրանքներ գտնելու և դրանց իրականացման հարցում բնակիչներին օժանդակելու։

Մեկ անգամ ևս հարկ ենք համարում ընդգծել, որ Տավուշի զարգացման հեռանկարներն ու մարզում հանքարդյունաբերությունն անհամատեղելի են․ մեր մարզում հանք չի՛ լինելու»։

Նշենք, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանքերևակման տեղամասերում բացի ոսկուց, արծաթից, պղնձից, ցինկից ու կապարից նախատեսում է որոնել նաև ռադիոակտիվ տարրեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ