fbpx
Աշխարհ
23:00 30/06/2019

Թրամփը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ բանակցային խումբ ստեղծելու մասին

Թրամփը ժամանակավոր բյուջեի ստորագրման պայման է առաջադրել

ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ը կվերսկսեն բանակցությունները Կորեական թերակղզում ապամիջուկայնացման գործնական մակարդակի շուրջ 2-3 շաբաթների ընթացքում։ Այս մասին հաղորդում է TACC-ը:

Ինչպես կիրակի միջկորեական սահմանի ապառազմականացված գոտում լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, համապատասխան համաձայնագիրը ձեռք էր բերվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ներկայիս հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացրել ենք, բանակցությունները բարձր մակարդակում տեղի են ունեցել երկու Կորեաների միջև ապառազմականացված գոտում:

«Մենք համաձայնել ենք, որ մեզնից յուրաքանչյուրը կստեղծի թիմ: Այդ թիմերը կփորձեն մշակել որոշ մանրամասներ: Կրկին, արագությունը նպատակ չէ, մենք ցանկանում ենք տեսնել՝ կկարողանա՞նք արդյոք մշակել իրականում համապարփակ, լավ գործարք»,-հայտարարել է Ամերիկայի առաջնորդը:

Նրա խոսքով՝ երկու-երեք շաբաթների ընթացքում թիմերը կսկսեն աշխատել պարզելու համար՝ կարո՞ղ են «ինչ-որ բան անել»:

Ընդ որում՝ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի կողմից ոչ մի փոփոխություն ակնկալել պետք չէ. ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի ԿԺԴՀ-ի հարցով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը:

«Մեզ մոտ՝ ԱՄՆ-ում, կստեղծվի թիմ: Այն կընտրի պետքարտուղար (ԱՄՆ-ի Մայք) Պոմպեոն: Մենք արդեն գիտենք (ամերիկյան թիմի ղեկավարին), դա Սթիվն է: Դուք բոլորդ գիտեք Սթիվին. նա պրոֆեսիոնալ է, և շատ է սիրում երկու երկրները: Այնպես որ, թիմը կղեկավարի Սթիվը մեր հիանալի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հովանու ներքո»,-նշել է Թրամփը:

ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի հայտարարությունների ուղիղ հեռարձակումն ապահովել էր CNN հեռուստաընկերությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ