fbpx
Աշխարհ

Թուրքիայում բազմաթիվ լրագրողներ շարունակում են մնալ անազատության մեջ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը 2020թ․ հունվարին կհրապարակի Թուրքիայում մարդու իրավունքների վերաբերյալ իր պարբերական զեկույցը։ Այդ զեկույցը հրապարակվում է 5 տարին մեկ անգամ և արտացոլում ուսումնասիրվող երկրներում մարդու իրավունքների վիճակն ու դրանց պաշտպանությանն ուղղված միջոցառումները։

Թուրքիայում այս ոլորտում տիրող իրավիճակը կուսումնասիրվի Մարդու իրավունքների հանձնաժողովի 47 անդամների կողմից։ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները կարող են միջամտել այդ աշխատանքին, իսկ միջազգային հասարակական կառույցները՝ ներկայացնել թեմայի վերաբերյալ իրենց սեփական զեկույցները։

Այդ համատեքստում «İnternational Observatory of Human Rights» (İOHR), «The Press Emblem Campaign» (PEC) և «London Advocacy Group» (LAG) կազմակերպությունները արդեն իսկ ՄԱԿ-ին են ներկայացրել իրենց համատեղ զեկույցը Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ 14 էջանոց զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիայում բազմաթիվ լրագրողներ շարունակում են մնալ անազատության մեջ, մեծաթիվ քաղաքացիներ ձերբակալվում են սոցցանցերում կատարած գրառումների պատճառով, փաստաբաններն ու դատավորները հեռացվում են աշխատանքից, հասարակական կազմակերպությունների ակտիվիստները թիրախավորվում են։ Նշվել է նաև, որ 2017թ․ Թուրքիայում հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով 20․539 հետաքննություն է սկսվել։

Զեկույցի հեղինակները հիշեցրել են, որ մի շարք արտասահմանցի լրագրողների երկրից վտարելու նպատակով Թուրքիայի իշխանությունները անվավեր են ճանաչել կամ չեն թարմացրել նրանց լրագրողական քարտերը։ Զեկույցում արձանագրվել է նաև, որ Թուրքիայի իշխանությունները նշանակալի դեր են ունեցել իշխանամետ սուբյեկտներին տարբեր լրատվամիջոցների վաճառքն ապահովելու գործում։

Այս զեկույցից բացի ՄԱԿ-ին զեկույցներ են ներկայացրել նաև մի շարք այլ միջազգային իրավապաշտպան կառույցներ։ Դրանցում մասնավորապես անդրադարձ է կատարվել 2016թ․ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տարբեր լրատվամիջոցների, լրագրողների, մտավորականների, իրավապահների ու շարքային քաղաքացիների դեմ կիրառվող լայնամաշտաբ ճնշումներին։

Հունվարին հրապարակվելիք ՄԱԿ-ի զեկույցը Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի բարելավմանն ուղղված որոշ առաջարկներ կներկայացնի։ Եթե Անկարան հրաժարվի իրագործել այդ առաջարկները, ՄԱԿ-ը կարող է Թուրքիայի դեմ ուղղված որոշակի միջոցներ ձեռնարկել։

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ