Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Ֆուաթ Օքթայը նշել է, որ Թուրքիան իր որոշումն արդեն կայացրել է S-400-ի հարցում: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
«Թուրքիան անկախ երկիր է և իր պաշտպանությանը վերաբերող որոշումներն ինքն է կայացնում: Թուրքիան ունեցել է ՀՕՊ համակարգերի կարիք, կնքել է պայմանագիր ու պահում է այդ խոստումը»,- ասել է փոխնախագահը:
Օքթայը քննադատել է ԱՄՆ-ի սպառնալից այն հայտարարությունները, ըստ որոնց՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի:
ԱՄՆ-ի` պատժամիջոցներով սպառնալու հայտարարությունները, ըստ Օքթայի, նշանակում են, որ իրենք Թուրքիային չեն ճանաչում:
«Ոչ ոք չի կարող Թուրքիայի դեմ սպառնալից հայտարարություններ օգտագործել ու համագործակցել: Թուրքիան նորաթուխ պետություն չէ: Այն և պետական միավոր է, և տարածաշրջանի տնտեսապես անվտանգ կետը»,- հայտնել է Օքթայը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն այդ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիային մատակարարելու է 2019-ի ամռանը։