fbpx
Իրավական

Սեռական բռնության գործով տուժող ճանաչված երեխայի տվյալները հեռացվել են Դատալեքսից․ ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ Դատալեքսից հեռացվել են քրեական գործով տուժող ճանաչված երեխայի անձնական տվյալները։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի էջից։

«Փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությանն իր անչափահաս վստահորդի անձնական տվյալները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից հեռացնելուն աջակցելու հարցով։

Նա նշել է, որ երեխան տուժող է ճանաչված սեքսուալ բնույթի բռնի գործողության հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, սակայն խնդրահարույց է, որ երեխայի անձնական տվյալները համակարգում հրապարակային են, ինչի հետևանքով հնարավոր է նույնականացնել երեխային:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել դատավորի օգնականի, ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցչի, ՀՀ դատական իշխանության համակարգչային ծառայության պետ հետ։ Վերջինս հայտնել է, որ հնարավոր է դատական գործի որևէ կողմի դիմումի հիման վրա «Դատալեքսում» մուտքագրված անձնական տվյալները դարձնել գաղտնի:

Փաստաբանին փոխանցվել է համապատասխան ինֆորմացիան, ավելի ուշ Պաշտպանի աշխատակազմին փաստաբանը տեղեկացրել է, որ երեխայի տվյալները փակվել են։

Այդ թեմային ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ՝ նշելով, որ արդիական խնդիր է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումները դատական ակտերի հրապարակման շրջանակում:

Խնդիրն այն է, որ չնայած առկա օրենսդրական պահանջի, որով սահմանել է դատական իշխանության պաշտոնական կայքում անձնական տվյալների ապանձնավորման հնարավորություն, այնուամենայնիվ, գործնականում դրա լիարժեք իրականացումն ապահովող գործուն կառուցակարգեր ներդրված չեն:

Սա նշանակում է, որ մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մանրամասներն առանց որևէ ողջամիտ հիմնավորման շարունակում են հասանելի լինել հրապարակային տիրույթում:

Ստացվում է՝ բավական է մարդը գոնե մեկ անգամ առնչվի դատական համակարգի հետ, իր անձնական ու ընտանեկան կյանքը դառնում է հանրային սեփականություն: Նկարագրվածն անընդունելի է մարդու իրավունքների տեսանկյունից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդիրը կարգավորելուն ուղղված առաջարկներ է ներկայացրել՝

1. հնարավորինս սեղմ ժամկետում ներդնել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորման ծրագիրը,

2. հասարակությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտին ուղղված դիմումի հիման վրա հնարավոր է սահմանափակել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված դատական ակտերում անձնական տվյալների հասանելիությունը», – գրում է ՄԻՊ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ