ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ մեղադրելով Իսրայելի կառավարության որոշ ներկայացուցիչների ԱՄՆ հասարակական կարծիքի վրա ազդելու և Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները տապալելու փորձերի մեջ։ Չորեքշաբթի օրը հեռարձակված Joe Rogan փոդքաստի ժամանակ Վենսը նշել է, որ Իսրայելը իրականացնում է «լայնածավալ արտաքին ազդեցության արշավ»՝ ուղղված Վաշինգտոնի դիվանագիտական նախաձեռնությունների խափանմանը։
Վենսի խոսքով՝ ինքը «կասկածից վեր» գիտի, որ Իսրայելի համակարգի ներսում գործում են մարդիկ, ովքեր ձգտում են երկարաձգել ռազմական գործողությունները՝ շահարկելով ամերիկյան հասարակական կարծիքը։ Նա հղում է կատարել Time Magazine-ի հրապարակմանը, որում նշվում է, որ Թրամփի նախկին նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը վարձվել է Իսրայելի կողմից՝ թվային արշավ իրականացնելու համար։ «Նրանք փորձում են փոխել ամերիկացիների կարծիքը՝ պատերազմը անորոշ ժամանակով շարունակելու համար», – ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։
Իսրայելցի նախկին դիվանագետ Ալոն Պինկասը Al Jazeera-ի հետ զրույցում Վենսի հայտարարությունները որակել է «աննախադեպ» և «շոկային»՝ ընդգծելով, որ դրանք վկայում են Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև առկա լուրջ տարաձայնությունների մասին։ Չնայած Վենսը նշել է, որ ինքը հասկանում է դաշնակիցների կողմից ազդեցության գործադրման փորձերը, նա շեշտել է, որ անընդունելի է, երբ այդ գործողությունները «ազդում են ամերիկյան քաղաքական դատողության վրա»։ Իսրայելի կառավարությունը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։

