itel.am -ը գրում է՝
Արդեն մի քանի օր է՝ «Facebook»-ի հայկական հատվածում մեծ թափով տարածվում է «Boom» հավելվածը, որն իրենից ներկայացնում է իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նամակագրություն:
Հաշվի առնելով հավելվածի շուրջ առկա մեծ հետաքրքրությունը՝ «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության տնօրեն Սամվել Գևորգյանի հետ պարզել ենք, թե որքանով է հավելվածի օգտագործումն անվտանգ:
«Boom»-ն օգտագործելիս դուք հավելվածին եք տրամադրում՝
– «Facebook»-ում ձեր անունը և օգտահաշվի անունը,
– Անձնական էջի գլխավոր նկարը,
– Սեռը, ծննդյան տարեթիվը,
– Էլ փոստի այն հասցեն, որով գրանցված եք «Facebook»-ում,
– Unique Facebook Access ID:
Սամվել Գեւորգյանի խոսքով՝ Boom հավելվածը եւ դրան կից վեբ-կայքն ունեն անորոշ ծագում: Օնլայն ծառայության գաղտնիության քաղաքականությունը ոչ միշտ է հասանելի օգտատերերի համար և պարունակում է հետեւյալ բովանդակությունը՝
«Գաղտնիության քաղաքականության մեջ պարզ նշված է ձեր անձնական տվյալների այն ցուցակը, որը հասանելի է դառնում ծառայությանը դրանից օգտվելիս: Սակայն նման «պրիմիտիվ» խաղի համար արդեն կասկածելի է, թե ինչու են պետք ձեր անվտանգության մուտքային տվյալները (Unique Facebook Access ID կամ Access Token): Անվտանգության մուտքային տվյալները թույլ են տալիս ձեռք բեռել Ձեր անձնական գաղտնի տվյալները՝ միևնույն ժամանակ չհաստատելով (չունենալով) ձեր հաշվի գաղտնաբառը կամ հեռախոսի միջոցով հաստատող կոդը»,- բացատրում է Սամվել Գեւորգյանը:
Սա նշանակում է, որ «Facebook»-ում խաղը խաղալու դեպքում օգտատերը ոչ միայն փոխանցում է իր, այլ նաեւ իր ֆեյսբուքյան ընկերների վերաբերյալ որոշակի անձնական տվյալներ:
Բոլոր նրանց, ովքեր արդեն օգտվել են հավելվածից, Սամվել Գևորգյանը խորհուրդ է տալիս անձնական տվյալները պաշտպանելու համար հավելվածը ջնջել այստեղից:
Այն հեռացնելուց հետո անհրաժեշտ է դուրս գալ «Facebook»-ից և նորից մուտք գործել, որպեսզի ծառայությանը հասանելի անվտանգության մուտքային տվյալները չեղարկվեն:
Աղբյուր՝ https://itel.am
Լուսանկարները՝ «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»—ի
