fbpx
Կառավարություն

Վարչապետն առանձնացրել է Համահայկական կոնսենսուսի 6 կետերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Համահայկական կոնսենսուսի 6 կետերը

Կոնսենսուս համար 1 – Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը, բնականաբար, չի վերաբերվում օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման համատեքստում:

Կոնսենսուս համար 2 – Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն: Այս առումով չափազանց կարևոր է Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը: Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր:

Կոնսենսուս համար 3 – Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ` պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը:

Կոնսենսուս համար 4 – Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

Կոնսենսուս համար 5 – Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:

Կոնսենսուս համար 6 – Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2377921715861543?__xts__[0]=68.ARC63wrhnXIa4-wF8RzDfXGV34maoPTMahaT94F8fS4bjdqxNnfCVUKNnFLxweGYCPKPSgJmOCD4R1ec1jGJgULLEq7k6EhDGDfdtOmvpIyRCYUojicJAA75dAV2aqhftG7yuekyuTICKkBCQhGEqAry6uCqdf5-DHLC1n0BPtdUTZjs0O6GizGsYWMQEKkGKE7t6pgMHL9VqPx7RBkkhFY7fv-MaSOx-ihR2WqyvpwXTjRS4oWlUKK7dyt_h0l2c-3u-2aWUpssPvQOSh2NIPO9oCUlBfbbcQSDgAOKUzjt3cL-urqDfXbavaSK8caGbLs-kPzSKcmn4rlr6J6KZxyO&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ