fbpx
Իրավական

Վերաքննիչը քննում է Արամ Հարությունյանի մտերիմի խափանման միջոցի հարցը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 30–ին կայացավ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործից անջատված մասով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի կալանավորման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։

Պաշտպանները վիճարկում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի հուլիսի 2–ի որոշումը, որով դատարանն անփոփոխ էր թողել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործից անջատված մասով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Մարտիրոսյանի պաշտպան Հունան Բաբայանի խոսքով՝ գործի քննության ընթացքում իր աշտպանյալը հնարավորինս իրավաչափ վարքագիծ է դրսևորել։

Նա նշեց, որ իր պաշտպանյալը 64 տարեկան է, բանասիրական գիտությունների թեկնածու։ Նշենք, որ դեռևս առաջին ատյանի դատարանում Մարտիրոսյանի համար երաշխավորագիր են ներկայացրել գիտության և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ ։

Պաշտպաններից Հրանտ Անանյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման մեջ հղում է կատարել այն հանգամանքի վրա, որ այս գործով վկաները դեռ չեն հարցաքննվել:

«Մեղադրական եզրակացության համաձայն՝ Վիկտոր Մարտիրոսյանի դեմ ցուցմունք տված միակ անձը Սիլվա Համբարձումյանն է, որի նկատմամբ մեկ այլ գործով անվտանգության միջով է կիրառված. նա ոստիկանների ուղեկցությամբ է տեղաշարժվում։ Եթե այս գործով մյուս մեղադրյալի՝ Արաքս Դիլանյանի նկատմամբ կիրառելի է ստորագրություն խափանման միջոցը, ապա ես համարում եմ, որ սարսափելի ոչինչ չի կատարվի, եթե Վիկտոր Մարտիրոսյանի խափանման միջոցը ևս փոխվի: 2018 թվականի հունիսին խուզարկություն է կատարվել Վիկտոր Մարտիրոսյանի բնակարանում, այսինքն ակնհայտ է դարձել, որ նա քրեական հետապնդման թիրախ է, այնուհետև անսպասելիորեն բերման է ենթարկվել ու ձերբակալվել»,–ասաց Անանյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը վերաբացվելու որոշումը դեռևս վիճարկվում է դատարանում։

Դատախազ Հայկ Պետրոսյանի խոսքով՝ Վիկտոր Մարտիրոյանը մնալով ազատության մեջ կարող է ապօրինի ազդեցություն ունենալ գործով անցնող մյուս մեղադրյալների վրա։ Նրա խոսքով՝ Մարտիրոսյանը նախաքննության ընթացքում շեղել է քննության ընթացքը։ Պետրոսյանը վկայակոչեց Վճռաբեկ դատարանի՝ Լևոն Սողոմոնյանի գործով նախադեպային որոշումներից մեկը՝ նշելով, որ այս փուլում խափանման միջոցի հարցը բողոքարկման ենթակա չէ։ Դատախազը շեշտեց, որ Վճռաբեկ դատարանի որոշումը պարտադիր կատարման ենթակա որոշում է։

Դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ համաձայն չէ Վճռաբեկ դատարանի որոշման հետ, և իր դիրքորոշումն այն է, որ անձի անազատության իրավունքը Սահմանադրության ուժով ենթակա է բողոքարկման։

Իսկ ինչ վերաբերվում է որոշման պարտադիր կատարման ենթակա լինելուն, Պապոյանը նկատեց, որ դատական նոր օրենսգրքում այդ դրույթի վերաբերյալ ձևակերպումն այլ է, միանշանակ չէ, որ որոշումը պարտադիր է։

«Ես այն կարծիքին եմ, որ վերադաս ատյանն իմ անկախությունը չի կարող իմ ձեռքից վերցնել»,–ասաց նա։

Առաջին ատյանի դատարանից գործով որոշակի փաստաթղթեր ստանալու համար այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Բողոքի քննությունը կշարունակվի օգոստոսի 1–ին ժամը 10–ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար: Այսինքն Վիկտոր Մարտիրոսյանն նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, ապա` օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Աղբյուրը՝ news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ