Ընտրանի

Պատերազմի «լեգիտիմությունն» ու Սերժ Սարգսյանի ձայնագրությունը

zinvorakan

Ո՞նց կարելի է ասել, թե ինչ-որ մեկը լեգիտիմացրել է Ալիևի կողմից ուժի կիրառումը՝ պատերազմ սկսելը: Պատերազմը սկսելուց լեգիտիմ հիմքը ո՞րն է արցախյան տիպի կոնֆլիկտի դեպքում, եթե ոչ՝ ունեցած ռեսուրսները՝ պատերազմում հաղթելու համար: Այլ լեգիտիմ հիմք չկա պատերազմելու համար: Ու իբր ընդունված մասնագետները, պրոֆեսիոնալ շրջանակները, խոսում են ուժի կիրառման լեգիտիմացնելու մասին, որոնց վերջում կմնա հարցնել՝ իյա, իրո՞ք:

Մոռացե՞լ եք, որ թշնամին ու իր դաշնակիցը ծավալուն զորավարժություններ էին նախապատրաստել: Նպատակը պարզ չէ՞ր որևէ մեկի համար, գոնե հետհայաց: Այսինքն պատերազմն անխուսափելի էր և լեգիտիմացնելու ոչ մի խնդիր դրված չէր։ Միգուցե՞ ոմանց մոտ խնդիր էր դրված, գիտակցաբար կամ անգիտակից, գաղափարական քաոսի վերածելու երկիրը, որի սահմաններն անառիկ պահող զինվորը կասկածեր սահմանը կյանքի գնով պահելու կամ նահանջելու հարցում։

Խաղաղության քարոզ անող մեր հայրենակիցները իրենց հաշիվ տալի՞ս են, որ իրենք սխալվել էին՝ կարծելով, որ պատերազմից հնարավոր է խուսափել, եթե մեր արժեբանական հիմքում դնենք հակառակորդի հետ բարիդրացիությունը՝ առանց զորեղ բանակի, թե՞ մարգարեական շղարշով են պատվել պարտությունից հետո ու շարունակում են քարոզել մի բան, որը խարխլում է զինվորի ոգին։ Իսկ իրենց հաշիվ տալի՞ս են նրանք, ովքեր բանակը համարժեք չէին զինել, մոբիլիզացիոն ուժերը կարգավորելու փոխարեն ծախսերը գրպանել էին, զինվորականության գաղափարական ու կառավարման հիմքն էին դարձրել քրեական ենթամշակույթը: Իրենց հաշիվ տալի՞ս են նրանք, ովքեր բիզնես էին անվանում միլիարդներով ռուսական զենքի ձեռք բերումը Ադրբեջանի կողմից, որպեսզի այսպես ասած՝ հակառուսական տրամադրություններ չստեղծվեն Հայաստանում։ Հավասարակշռության խախտումը տակնուվրա արեց հիմք դարձավ 2014, 2015, 2016 և 2020 թվականների էսկալացիաների համար: Իսկ իրենց հաշիվ տալի՞ս են ժողովրդի քվեն ստացած մեր իշխանությունները, որ բանակին ձեռք չտվեցին՝ մտածելով ու հավաստիացնելով, թե բանակում ամեն բան ճիշտ է։ Կամ հաշիվ տալի՞ս են իրենց, որ հայտարարեցին աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն չեն կատարելու, նույնիսկ չկարողացան բալանսավորել, որպեսզի օրհասական պահին օգտվեինք այլ կենտրոնների ռեալ աջակցություններից։

Այո, հեշտ է հիմա բոլորին քննադատելը, բայց պետք է նշել, որ դա առաջին հերթին ակնհայտ էր իրական մասնագիտական շրջանակների համար, իսկ երկրորդ՝ այդ շրջանակներից բազմաթիվ մարդիկ բարձրաձայնում էին խնդիրները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ, որոնք ուղն ու ծուծով գիտեին պաշտպանության, և ոչ միայն, բոլոր արատների մասին: Այսպես կոչված՝ պատերազմելու լեգիտիմ հիմք հանդիսացող սպառազինությունները և ուժերը լիարժեք պատրաստ էին սկսելու համար։

Սպառազինության մրցավազքում մի քանի անգամ առաջ անցած Ադրբեջանի երկրորդ կարևոր ֆունդամենտը պատերազմելու համար, դա դաշնակիցների մոբիլիզացումն էր, և ճիշտ պահին պատերազմը զսպողի դեր կատարող կենտրոնների առաջը փակելը դաշնակիցների միջոցով: Կլիներ դա Թուրքիան, Ղազախստանը, Պակիստանը, Բելոռուսիան, որոշ պահերին նույնիսկ Ռուսաստանը (Օրինակ՝ ՄԱԿ ԱԽ նիստում վետո էր դրել ՄԱԿ խաղաղապահ զորքերն Արցախում տեղակայելու դեմ)։ Սրան կարելի է ավելացնել ևս մեկ օրինակ, որը երեկ պատահական կամ դիտավորյալ հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում։

Խորհրդարանական քարոզարշավի երրորդ օրը Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը, եթե հիմք ընդունենք, ապա միարժեք կարող ենք պնդել, որ Բելոռուսիայի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներն առնվազն ցանկացել են Հայաստանից կորզել Արցախի ազատգրված շրջանները և փոխարենն Արցախին չտալ որևէ կարգավիճակ: Այսինքն, մեզ դաշնակիցներ համարվող երկրները, որոնք գտնվում են մեզ հետ նույն ռազմական անվտանգության համակարգում, գործել են ի նպաստ Ադրբեջանի շահերի, այլ ոչ թե մեր: Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը ձայնագրությամբ Նիկոլ Փաշինյանի խոսքերով նաև իրեն որոշակի մաքրեց ապրիլյան քառօրյայի մեղքերից, բայց նաև, ամենակարևորը, ցույց տվեց, թե ովքեր են Հայաստանին դավադրաբար տարել պատերազմի:

Այնպես որ, լեգիտիմ ուժի կիրառման մասին զրույցները ծալեք և նետեք աղբամանը: Իսկ ներքին քաղաքական գզվրտոցներից ստացեք ինֆորմացիա: Այս քաոսի լավագույն կողմը փաստերի ու իրականության բարձրաձայնումն է տարբեր ֆիգուրների կողմից, ինչը կարող է մեզ հիմք դառնալ լավ ապագա կերտելու և զարգանալու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ