fbpx
Աշխարհ

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը դրվել է Խորհրդարանական քվերարկության

Վրաստանում արտակարգ դրություն կհայտարարվի: Այս մասին հայտնեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հարցը դրվել է Խորհրդարանի քվեարկությանը։

Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը:

Ավելի վաղ, ազգային անվտանգության խորհրդի նիստին վարչապետն ու նախագահը պայմանավորվել էին՝ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում արագ ընդունել որոշումն ու անցնել իրականացմանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:

Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռավար ուսուցման են անցել, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, մթերային խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը որոշում է կայացրել լրատվամիջոցների հետ աշխատել առցանց, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս:

Արգելվել է երթուղային տաքսիների երթևեկը, սպորտդահլիճների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր:

Աղբյուրը` www.aliq.ge:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ