Վրաստանում թաքցնում են ցույցերի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի վիճակի մասին տեղեկությունը

Ամենադիտվածներ

Հունիսի 20-ի գիշերը Վրաստանում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը մինչև երեկ կոմայի մեջ էր․ նրա առողջական վիճակը ծանր է։ Ընտանիքը երեք օր ապարդյուն որոնում էր նրան ցույցի ցրումից հետո։ Գրիգորյաններին վերջապես զանգահարել է բժիշկը և ասել, որ Դավիթ Գրիգորյանը շրջանային հոսպիտալում է և կոմայի մեջ է։ Այս մասին տեղեկացնում է Грузия online-ը։

Փամփուշտը կպել էր Դավիթ Գրիգորյանի գլխին, ծակել նրա գանգն ու վնասել ուղեղը։ Ոսկրի մասերը ցրվել են ուղեղի մեջ, ինչն էլ ավելի է բարդացրել նրա վիճակը։ Վիրավորի մասին ընտանիքին տեղեկացրել են միայն այն բանից հետո, երբ Գրիգորյանին վիրահատել են և Ալադաշվիլու կլինիկայից տեղափոխել շրջանային հոսպիտալ։

Ընտանիքը կասկածում է, որ տեղեկությունը միտումնավոր է թաքցվել, որ բազմահազարանոց ցույցի համար փողոց դուրս եկածները չիմանան, որ մասնակիցներից մեկին գնդակահարել են գլխից։

Rustavi 2 հեռուստաալիքը պարզել է, որ մարդը, որն արգելել է ասել ընտանիքի անդամներին Գրիգորյանի ծանր վիճակի մասին, Ալեքսանդր Սիկմաշվիլին է՝ ներքին գործերի նախարարության պահպանության ոստիկանության գործող աշխատակիցը, որն ապրում է Գրիգորյանի հարևանությամբ։

ՆԳՆ պահպանության ոստիկանության աշխատակիցը չի պատասխանում Rustavi 2-ի հեռախոսազանգերին։ Նրա ընտանիքի անդամները հաստատել են, որ իշխանությունը հատուկ հետաքրքրություն ուներ տուժածի հանդեպ, և Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Արչիլ Թալակվաձեի եղբայրը անձամբ է վերահսկել, թե ով և ինչ նպատակով է այցելում պացիենտին։

Գրիգորյանի ճշգրիտ ախտորոշումը որդին մինչև հիմա չգիտի։ Նրան չեն տալիս բժշկական փաստաթղթերը և չեն կարող ասել նաև, թե ինչ փամփուշտով է հատուկ ծառայությունը կրակել ակցիայի 46-ամյա մասնակցին։

Այնինչ, հիվանդանոցը, որտեղ հիմա պառկած է Դավիթ Գրիգորյանը, թաքցնում է ողջ տեղեկությունը։ Կլինիկայի աշխատակազմը հաստատում է միայն այն, որ տուժած տղամարդը նույն վիճակում է, ինչ 9 օր առաջ, և առայժմ բուժումն արդյունք չի տվել։

Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակով հետաքրքրվել է Հայաստանի դեսպանատունը, որից թաքցրել են ամբողջական տեղեկությունները և շրջանային հոսպիտալում կոմայի մեջ գտնվող պացիենտի մասին ասել են, որ նա իրեն ավելի լավ է զգում:

Գլխավոր հարցին՝ ցույցի մասնակցի վրա արդյոք դիմահա՞ր են կրակել, պետք է պատասխանի փորձաքննությունը: Փամփուշտի թռիչքի հետագծի հաստատումը չի մտնում բուժող բժիշկների իրավասության մեջ:

Ալադաշվիլու անվան հիվանդանոցից ասել են, որ փորձաքննություն դեռևս չի նշանակվել, իսկ ընդդիմությունը հայտարարել է, որ գործին շտապ պետք է միանան անկախ փորձագետները:

 

Ամենաթարմ