Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քվեարկության էր դրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
ԱԺ պատգամավորների մեծ մասը դեմ քվեարկեց նախագծին։ Կողմ էր միայն նախագիծն առաջարկած խմբակցությունը։
Նախագիծը, սակայն, ուղարկվեց մշակման փուլ, որից հետո դարձյալ կդրվի երկրորդ ընթերցմամբ քվեարկության։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, այս նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը իր ելույթում կոչ էր արել դեմ քվեարկել՝ չնայած որ խմբակցությունը ավելի վաղ դրական էր արձագանքել։
«Լուսավոր Հայաստանը», մասնավորապես, առաջարկում է, որ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները պետք է լինեն քաղաքական, և նրանց նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել նույն պահանջները, ինչ պատգամավորներին և Կառավարության անդամներին:
Հիշեցնենք, որ այս օրենքի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուն հաջորդեցին ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունները։ Ե՛վ «Լուսավոր Հայաստան»-ից, և՛ «Իմ քայլ»-ից պնդում էին, որ բոլոր համընկնումները պատահական են։