Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնավարման առաջին 100 օրն ամփոփել է հարցազրույցով: Ուկրաինայի նախագահը զրուցել է ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների, իր գլխավոր ձեռքբերումների, հեծանիվով աշխատանքի չգնալու, մոր հետ հարաբերությունների և այլ հարցերի շուրջ:
Զելենսկիի հետ հարցազրույցը վարել է նրա նախկին գործընկեր, դերասան Ստանիսլավ Բոլկանը: Հենց նրան էր ընտրել Զելենսկին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հարցազրույցը վարելու համար՝ չնայած հունիսին Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարն այս կապակցությամբ մամուլի ասուլիս էր խոստացել:
Ինչպե՞ս է իր օրը սկսում Ուկրաինայի նախագահը
Վլադիմիր Զելենսկին իր օրը սկսում է Դոնբասից եկող լուրերով՝ կրակոցների, զոհերի մասին տեղեկություններով:
«Եթե զրո է, շատ եմ ուրախանում: Այնուհետև համբուրում եմ երեխաներիս, կնոջս: Նրանք այդ պահին միշտ քնած են լինում, նույնիսկ չեն իմանում, որ համբուրում եմ, իսկ հիմա արդեն կիմանան»,- անկեղծացել է Զելենսկին:
Ինչ վերաբերում է «Ֆեյսբուքում» իր հասցեին հնչող բացասական մեկնաբանություններին, Զելենսկին դրանց շատ վատ է վերաբերվում, քանի որ կարծում է, որ իսկապես աշխատում է: Իսկ աշխատանքի հետ կապված հարցերը Զելենսկին նաև կնոջ հետ է քննարկում:
«Անկեղծ ասած՝ ես խորհրդակցում եմ նրա հետ շատ բարդ հարցերի շուրջ, որովհետև նա շատ սթափ է դատում: Յուրաքանչյուրին էլ պետք են մարդիկ, ովքեր ճշմարտությունն են ասում: Պետք չէ տաք լոգարանում պառկել, հատկապես երբ դու Ուկրաինայի նախագահն ես»,- ասել է Զելենսկին:
Ծնողների հետ հարաբերությունների մասին
Նախագահ դառնալուց հետո Զելենսկիի և ծնողների հարաբերությունները նույնպես փոխվել են, դրական իմաստով:
«Նրանք ավելի մոտ են դարձել: Մայրս ինչպես օրական 3 անգամ զանգում էր ինձ, այդպես էլ շարունակում է: Իսկ հորս հետ հազվադեպ էի խոսում՝ տարբեր պատճառներով: Հիմա շատ ենք խոսում, ավելի մոտ ենք դարձել: Նա հպարտանում է ինձնով: Երբ ավարտում ենք զրույցը, իրար ասում ենք՝ ես քեզ սիրում եմ»,- ասել է Զելենսկին:
Փողկապի մասին
Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ չի սիրում փողկապ կապել, իսկ երբ կապում է, նախագահի արարողակարգի ղեկավարն անմիջապես բարձր տրամադրություն է ունենում:
«Նա ասում է՝, այ սա նախագահ է»,- ծիծաղով նշել է Զելենսկին:
Հեծանվով աշխատանքի չգնալու մասին
Վլադիմիր Զելենսկին և Ստանիսլավ Բոլկանը, զրույցը շարունակելով, նախագահի մեքենայով ուղևորվել են Զելենսկիի աշխատավայր: Ինչո՞ւ Զելենսկին չի տեղաշարժվում հեծանվով: Պարզվում է՝ նրան վտանգ է սպառնում:
«Դա շատ բարդ հարց է: Անկեղծ ասած՝ ինձ թույլ չեն տալիս: Չեմ ուզում ասել այն մարդկանց անունները, որոնցից կարող է վտանգ լինել: Մենք տեղեկատվություն ենք ստանում: Դրա պատճառով էլ ինձ թույլ չեն տալիս: Արդեն մի քանի անգամ շատ վտանգավոր միջադեպեր եղել են»,- խոստովանել է Ուկրաինայի նախագահը:
Իսկ արդեն նախագահական նստավայրում նախկին գործընկերները նույնիսկ մի փոքր կատակել են:
«Ինչպես և սերիալում, Դուք Ձեր ընկերներից շատերին բարձր պաշտոնների եք նշանակել, բացի ինձնից, ինչի համար շնորհակալ եմ»,- կատակել է Բոլկանը:
«Դու իմ ընկերը չես (ծիծաղում է- խմբ.) … Կատակում եմ: Ինչ վերաբերում է ընկերներին, նրանք ինձ համար ամենամոտ մարդիկ են, այդ պատճառով էլ իմ թիմում են»,- պատասխանել է Զելենսկին:
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
Ավելի լուրջ թեմաներից խոսելիս Ուկրաինայի նախագահը առաջինն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Զելենսկին հայտնել է, որ երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանում պահվող ուկրաինացի նավաստիների և Դոնբասում ընթացող պատերազմի մասին: Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի արտգործնախարարությունը չի ցանկացել թույլ տալ իր զրույցը ռուս գործընկերոջ հետ:
«Նրանց համար դա քաղաքական հարց էր, իսկ ինձ համար՝ մարդկային: Նրանք մտածում էին՝ Աստված չանի, որ Զելենսկիի և Պուտինի զրույցից հետո նավաստիները վերադառնան: Ես նույնիսկ չեմ ուզում խոսել նրանց նկատմամբ իմ վերաբերմունքի մասին: Մենք Ռուսաստանի նախագահի հետ խոսել ենք 30 րոպե», – հայտնել է Զելենսկին:
Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են դեմ առ դեմ հանդիպում ունենալ «նորմանդյան քառյակի» ձևաչափով ՝ արևմտյան երկրների ղեկավարների ներկայությամբ:
Պաշտոնավարման առաջին 100 օրվա ձեռքբերումների մասին
Իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս Զելենսկին դրական առաջընթաց է նշել. պաշտոնյաներն այլևս չեն գողանում պետությունից, մաքսանենգությունը մի քանի անգամ նվազել է, շուտով կնվազեն կոմունալ վճարները, կփոխվի վարկավորման տոկոսադրույքը, իսկ սեպտեմբերի 5-ից Ուկրաինայում առաջին անգամ իր աշխատանքը կսկսի հակակոռուպցիոն դատարանը:
Հարցազրույցի վերջում Վլադիմիր Զելենսկին նաև պատասխանել է մի քանի բլից հարցերի: Ինչի՞ մասին Զելենսկին կնախազգուշացներ ինքն իրեն 100 օր առաջ՝ իմանալով սպասվող 100 օրերի մասին:
«Վովա՛, զգո՛ւյշ եղիր, բոլորը գրում են», – ծիծաղով նշել է Ուկրաինայի նախագահը:
Աղբյուրը՝ shantnews.am

